Aravot.am-ը գրում է.
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը չի պատրաստվում վայր դնել ավագանու մանդատը, այսինքն՝ հրաժարական տալ: Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց խմբակցության քարտուղարը:
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի առջեւ բողոքի ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում մի խումբ քաղաքացիներ պահանջել են Հասմիկ Խաչունցի հրաժարականը, որը մասնակցել է նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը:
«Ես հրաժարական չեմ տալու, ոչ մի ամոթ բան չեմ արել: Այն նոր տիպի արվեստ է, որը որ մարդկանց ծանոթ չէ եւ պետք է տարածել: Ինչպես որ վարչապետն ասաց, պետք է բացմտությամբ ընկալենք այն ամենն՝ ինչ տեղի է ունենում մեր շրջապատում»:
Հասմիկ Խաչունցը կարծում է, որ այդպիսի արվեստն ընկալելի դարձնելու համար կրթական ցենզը պետք է բարձրացվի. «Կարծում եմ դա բավական երկար գործընթաց է: Պրոցեսների այն մասը, որը բնականոն է, նորմալ եմ համարում, բայց այն քաղաքական շահարկումները, որոնք արվում են, նորմալ չեմ համարում»:
Նրա խոսքով, արվեստագետների կողմից թե՜ դրական թե՜ բացասական կարծիքներ կան ներկայացման վերաբերյալ: Հասմիկ Խաչունցի կարծիքով, ներկայացման վերաբերյալ քննարկումները արվեստագետների շրջանում պետք է ծավալվեն. «Որակային տեսակետից ներկայացմանը իրավունք ունեն կարծիք տալ արվեստագետները: Ցանկացած ոք իրավունք ունի հայտնել իր կարծիքը, բայց դա չպետք է ընդհանարացնել, հանրության կարծիք ներկայացնել»:
Հիշեցնենք, որ ներկայացման ընթացքում միջադեպ էր գրանցվել: Մի երիտասարդ՝ Նարեկ Սարգսյան անունով, շշով «զելյոնկա» էր լցրել Հասմիկ Խաչունցի վրա: Նա հայտարարում էր, որ «սատանիստների» վրա է լցնելու «զելյոնկան»:
Ըստ կազմակերպիչների «ՀուԶանք ու Զանգը» կատարողական արվեստի նախագիծ է, որը սինթեզում է ժամանակակից պարն ու պոեզիայի ռիթմը:
Ներկայացումը 1920-ական թվականների ֆուտուրիզմ պոեզիայի (Կարա Դարվիշ, Գեւորգ Աբով, Ազատ Վշտունի) հետազոտական/էքսպերիմենտալ վերընթերցումն է՝ Լիլիթ Պետրոսյանի հեղինակային պոեզիայի միջամտություններով եւ Հասմիկ Թանգյանի ապագայամետ շարժման աշխարհագրությամբ:
Կազմակերպիչները ասում են, որ «Հուզանք ու զանգը» հարցականի տակ է դնում կնոջ պահվածքի, խոսելու եւ շարժվելու ձեւի հանրային ընկալումը։ Ներկայացումը հղացվել է այս ընթացքում Երեւանում գտնվող գերմանացի վիզուալ եւ պերֆորմանս արվեստագետ Լինդա Նադջիի հետ համագործակցությամբ։ Նախագիծը իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ: