Գլխավոր Իրավական Ոստիկանությունը քրգործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ (տեսանյութ)

Ոստիկանությունը քրգործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ (տեսանյութ)

0
789

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչությունում օտարերկրյա որդեգրումների բնագավառում կատարված իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Նույն վարչության ծառայողները, վերլուծելով և համադրելով տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ բացահայտվեցին տարբեր պաշտոնատար անձանց կողմից մանկատների երեխաների որդեգրման գործընթացում կատարված առերևույթ հանցագործություններ ու օրենքի կոպիտ խախտումներ։

Ներկայացնենք որոշ դեպքեր՝ գործերի շահերից ելնելով չնշելով դրանց ամբողջական հանգամանքները։

Մասնավորապես, ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2009 թվականին որոշ պաշտոնատար անձինք ՀՀ-ում գործող մանկատներից մեկում գտնվող երեխայի որդեգրումը կազմակերպելու նպատակով օգտագործել են տվյալ երեխայի ծնողի անունից գրված, նոտարական կարգով հաստատված գրավոր հայտարարություն՝ երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալ ծնողը բացատրությամբ հայտնել է, որ ինքը երբևէ նման գրավոր հայտարարություն չի արել և երեխայից հրաժարվելու որևէ փաստաթուղթ չի ստորագրել։ Պարզվել է, որ այդ փաստաթղթի օգտագործմամբ կազմակերպվել է տվյալ երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Մեկ այլ դրվագով, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ Հայաստանի մանկատներից մեկի տնօրինությունը օգտագործել է մանկատանը գտնվող երեխայի ծնողի անունից դիմում՝ ուղղված մանկատան տնօրենին՝ իր երեխայի խնամքից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Նշված դիմումը ստորագրել են նաև մանկատան որոշ աշխատակիցներ՝ որպես հաստատում այն հանգամանքի, որ դիմումը գրվել է իրենց ներկայությամբ։ Այնուհետև դիմումը կնքվել է մանկատան տնօրենի կնիքով, և այդ փաստաթուղթը օգտագործվել է տվյալ երեխային որդեգրելու և արտերկիր տեղափոխելու նպատակով։

Նյութերի նախապատրաստման ընթացքում երեխայի ծնողը հայտնել է, որ ինքը երբևէ նման դիմում չի գրել և չի ստորագրել։ Ավելին՝ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ այն օրը, որ գրվել է այդ դիմումը և թվագրվել, այդ օրը տվյալ ծնողը չի գտնվել ՀՀ տարածքում։
Ընդ որում, չունենալով որդեգրման գործընթացը կազմակերպելու կամ ուղղորդելու որևէ լիազորություն՝ օրենքի կոպիտ խախտմամբ, նախապես պայմանավորվելով ՀՀ-ում երեխա որդեգրել ցանկացող օտարերկրյա քաղաքացիների հետ, մանկատների որոշ տնօրեններ և այլ պաշտոնատար անձինք կազմակերպել են նրանց հանդիպումը մանկատանը գտնվող երեխաների հետ, այնուհետև համաձայնություն գալով կոնկրետ երեխայի որդեգրման հարցում՝ հորդորել են երեխայի ծնողին գրել որդեգրման համաձայնություն տալու դիմում։

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ օրենսդրության, որդեգրել ցանկացող որևէ անձ իրավունք չունի որդեգրման նպատակով տեսակցել որևէ երեխայի, մինչև ծնողի կողմից իր երեխայից հրաժարվելը և այդ երեխային որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելը։ Ավելին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, որդեգրել ցանկացող անձանցից առաջնահերթությունը տրվում է ՀՀ քաղաքացիներին, իսկ օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում որդեգրման ենթակա երեխայի մասին կարող են տեղեկություն ստանալ տվյալ երեխային Հայաստանում որպես որդեգրման ենթակա երեխա հաշվառելուց առնվազն երեք ամիս հետո, այն դեպքում, եթե Հայաստանի որևէ քաղաքացի տվյալ երեխային որդեգրելու ցանկություն չհայտնի։

Ձեռնարկված միջոցառումների ընթացքում տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Հայաստանի մանկատների տարբեր ժամանակահատվածներում պաշտոնավարած տնօրեններ չունենալով որդեգրման բնագավառում ուղղորդելու կամ որդեգրումը կազմակերպելու որևէ գործառույթ, կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ, որոնց միջոցով հնարավոր է դարձել իրենց մանկատանը գտնվող երեխայի որդեգրումը։

Մասնավորապես, տեղեկություն է ստացվել, որ մանկատան տնօրենը տևական ժամանակ հորդորել է մանկատանը գտնվող սաներից մեկի ծնողին՝ հրաժարվել իր երեխայից, դիմում գրել հրաժարվելու մասին և որդեգրման համաձայնություն տալ։ Ծնողից չստանալով համաձայնություն՝ տնօրենը սպառնացել է, որ հակառակ դեպքում ինքը կզրկի նրան ծնողական իրավունքից և կկազմակերպի երեխայի որդեգրումը առանց ծնողի համաձայնության, միաժամանակ հայտնելով, որ այդ դեպքում ծնողը երբեք որևէ տեղեկություն չի կարող ստանալ երեխայի մասին։ Իսկ եթե իր կամքով գրի երեխայից հրաժարվելու մասին դիմում, ապա ինքը կհոգա, որ ծնողը պարբերաբար կարողանա տեղեկություն ստանալ երեխայի մասին։ Արդյունքում ձեռք է բերվել երեխայի որդեգրման համաձայնության մասին ծնողի գրավոր դիմումը, ինչից հետո կազմակերպվել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Ի դեպ, այս փուլում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով ակտիվ համագործակցություն են իրականացրել նաև օտարերկրյա մի շարք պետությունների իրավապահների հետ։

Մեկ այլ դեպքում կրկին մանկատան տնօրեններից մեկը տևական ժամանակ համոզելով մանկատանը գտնվող երեխայի ծնողներից մեկին հրաժարվել իր երեխայից և տալ որդեգրման համաձայնություն, վերջապես ստացել է այդ համաձայնությունը, այն պայմանով, որ երեխան որդեգրվի միայն Հայաստանում։ Սակայն հայտնելով, որ երեխան պետք է որդեգրվի արտասահմանում, ինքը արդեն կազմակերպել է երեխայի և օտարերկրյա քաղաքացիների հանդիպումը և գիտի, թե որտեղ պետք է որդեգրվեն երեխաները և հորդորել է հրաժարվել երեխային Հայաստանում որդեգրելու մտքից։

Մեկ այլ դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ մանկատան տնօրենը օգտվելով այն հանգամանքից, որ ծնողը սոցիալական ծանր պայմաններից ելնելով ցանկանում է ժամանակավորապես երեխային տեղավորել մանկատանը, ապակողմնորոշել է նրան՝ տրամադրելով սխալ տեղեկատվություն, որ նույնիսկ այդ դեպքում ծնողը պետք է տա գրավոր համաձայնություն՝ երեխայից հրաժարվելու և որդեգրման համաձայնություն տալու մասին։ Հակառակ դեպքում իրենք չեն կարող նույնիսկ ժամանակավոր ընդունել երեխային։ Այդ կերպ ստանալով ծնողի համաձայնությունը՝ կարճ ժամանակ անց կազմակերպել է երեխայի որդեգրումը և տեղափոխումը արտերկիր։

Առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ»,- նշված է հաղորդագրության մեջ։