Գլխավոր Իրավական Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

0
1276

ՀՀ քննչական կոմիտեում  Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը  վկայի կարգավիճակում հարցաքննվել է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով: Գաղտնալսման գործով Վանեցյանի հեռախոսը ենթարկվել է զննության»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ քննչական կոմիտեում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում, հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը , որի շրջանակներում քննության առարկա է հանդիսանում նաև Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս միջամտելու հանգամանքը: Նշված քրեական գործով, որպես վկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացել է ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն և հարցաքննվել՝ դատարանների վրա հնարավոր միջամտությունների հանգամանքները պարզելու շուրջ: ՀՀ Քննչական կոմիտեում քննվում է նաև ԱԱԾ նախկին տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցով տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված և քննվող քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է որպես տուժող՝ ապօրինի գաղտնալսում և ձայնագրառումն իրականացնելու ու տեսանյութը համացանցում տարածելու արդյունքում իր իրավունքների և օրինական շահերի խախտման և գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հանգամանքների շուրջ:

Քննչական կոմիտեն քննությամբ տվյալներ է ձեռք բերվել առ այն, որ 2012-2018թթ. ընթացքում «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի հետ համագործակցության ընթացքում կնքված կապալի պայմանագրերի շրջանակներում Սիսիան, Սևան, Վանաձոր, Արմավիր, Վաղարշապատ, Գյումրի և Ներքին Կարմիր Աղբյուր համայնքների վարչական տարածքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներն իրականացրած կապալառու՝ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենի և «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» ԻԱՄ-ի կողմից այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացրած աշխատակցի կողմից խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու վերաբերյալ: «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: