Գլխավոր Լուրեր Միջազգային 7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Երևանում նույնպես...

7 մարդ է զոհվել թուրք-իրանական սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Երևանում նույնպես զգացվել է երկրաշարժը

0
1444

Առնվազն 7 մարդ է զոհվել փետրվարի 23-ին Թուրքիայի արևելքում՝ Իրանի հետ սահմանի մոտ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

«Իրանում երկրաշարժից հետո մեր յոթ քաղաքացիներ զոհվել են Վանում [նահանգում], որոնցից 4-ը երեխաներ են, երեքը՝ մեծահասակներ»,- ասել է նա Haber Turk հեռուստաալիքի եթերում։

Սոյլուի խոսքով՝ ևս 5 քաղաքացի վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։

Ըստ աղբյուրի՝ փետրվարի 23-ին 5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Թուրքիայի հետ սահմանին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 5կմ խորության վրա, էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից (բնակչությունը մոտ 1,5 մլն մարդ) արևմուտք։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը փետրվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 09:53-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 05:53-ին) գրանցել է հյուսիսային լայնության 38.390 և արևելյան երկայնության 44.600 աշխարհագրական կոորդինատներով, Իրանի Սալմաս քաղաքից 25 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.8 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի և Սյունիքի մարզերում՝ 3 բալ ուժգնությամբ: