Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը:
«Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով»,-ասաց Գագիկ Սուրենյանը։ Նա նկատեց, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայն այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։
Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։