Գլխավոր Հայապատում Հերոսապատում Հետաքրքիր պատմություն Զորավար Անդրանիկի մասին. «Ձեր ցավը տանեմ, հասկացեք ինձ, իրար հասկացե՛ք…»

Հետաքրքիր պատմություն Զորավար Անդրանիկի մասին. «Ձեր ցավը տանեմ, հասկացեք ինձ, իրար հասկացե՛ք…»

0
1199

Ամուսնության ավանդույթ կա Սյունիքում. հարազատները եւ քավորը գնում են աղջիկ ուզելու: Իսկ աղջկան արդեն հավանած են լինում կամ տղայի մայրը, կամ ծնողները, կամ էլ տղան, եթե բախտը նրան ժպտար…

1918 թիվն է, կռիվ է Սյունիքում, հայոց աշխարհում: Էլ ո՞վ էր հիշում պսակի մասին, մանավանդ՝ ավանդույթի, հարսնախոսության: Բայց կյանքը սկսվում է ամեն օր՝ արեւի դուրս գալով, ողջ մնացած հայի աղոթքով, ով հավատում էր երկնային հոր հավերժությանն ու նրա արդար դատին: Բացառություն չէր նաեւ մեծ հայը՝ Անդրանիկ Օզանյանը: Նա ոչ միայն արեւի ծագելուն եւ Աստծո արդար գահին էր հավատում, այլեւ ի՛ր ազգի հավերժ գոյատեւմանը: Այդ ազգին էր նա ծառայեցրել իր ամբողջ կյանքը՝ նրա մի դառը կումն էլ ըմպելով Սիսիան-Անգեղակոթում՝ Սյունիքի հերոսական այդ գյուղում, որի բնիկները մի քանի հազար տարվա կյանքի շարունակողն են՝ սկսած Գոդեձորից մինչեւ Վասակ Սյունի, Իսրայել Օրուց մինչեւ Քեռի, Դրո, Անդրանիկ…

17 տարեկանում ամուսնացավ Անդրանիկ Օզանյանը: Մեկ տարեկանում մորից զրկված տղային ամուսնացրին հայրն ու ավագ քույրը՝ Նազլուն, որ նրա սիրտը լցվի ջերմությամբ, փառավորվի ընտանեկան սուրբ կյանքով: Բայց տարին նոր բոլորած՝ մահացավ Անդրանիկի կինը, ապա նորածին որդին: Նա մեծ զորավարի միակ ժառանգն էր այս հողի վրա: Թե զորավարը որքան ծանր է տարել իր որբ մանկությունը, ապա՝ կորուստներով լցված պատանեկությունն ու երիտասարդությունը, բոլոր հայերս գիտենք, քանզի ոչ մի հայ այնպես չի պաշտվել ժողովրդի կողմից, ինչպես Անդրանիկ Օզանյանը: XX դարի առաջին արյունոտ 20 տարին, որի գրեթե ամբողջ ընթացքում զորավարը թուրը չի դրել պատյան, թույլ չի տվել նրան խորանալ զգացմունքների մեջ, խորհել կին ունենալու եւ ընտանիք ստեղծելու մասին, թեեւ նրա ժամանակակից-մտերիմները նաեւ նման փաստեր են արձանագրել: Ռազմական գործի բերումով հաճախ կոպիտ ու կոշտ վարք դրսեւորելով հանդերձ, Անդրանիկը ժողովրդի մեջ՝ նրանց ուրախությունների եւ թշվառությունների պահերին, նրանցից մեկը մնաց՝ նույնքան պարզ, խորունկ, կարեկից, ընտանիք ու ժառանգություն ունենալու հայկական սուրբ ավանդույթների մոլի կողմնակից:

Հայտնի է, որ 1918թ. օգոստոսին Անդրանիկն իր զորքով եւ գաղթականությամբ հանգրվան գտավ Սիսիանում՝ նախօրոք ստանալով տեղի ոչ միայն զինվորականության ու ղեկավարների, այլեւ առաջին հերթին ժողովրդի համաձայնությունը: Ի՜նչ ամիս էր օգոստոսը Սիսիանում: Բերքն առատ, արտերը ցորենով լիքը: Անդրանիկն իր զորքով մաքրել-ազատել էր թաթարներից Սիսիանի յոթ խոշոր բնակավայր եւ դրանում տնավորել գաղթականությանը: Արտերում հունձ էր, բերքը բաշխում-տեղավորում էին, հաշվում մի քանի ամսվա պաշարի քանակը: Անդրանիկը եւս մասնակցում էր հնձին:
Հացը երբեք շատ չի լինում, բայց գալիքն էլ էր դժվար. ով գիտի՝ աշնանացան կարվի՞ եւ կհնձե՞ն արդյոք նոր բերքը: Վախերը շատ էին. պատերազմ էր ու կոտորած: Անդրանիկն ամբողջ պարենի վերահսկում- բաշխումը վստահել էր իր հետ Անգեղակոթ մտած Սոսե մայրիկին. միակ մարդն աշխարհում, որին աներկբա ունկ էր դնում:

— Լսել եմ անգեղակոթցիներից, որ Անդրանիկը հենց այդ ժամանակ, աշնան դեմ, որոշեց ջահելներին ամուսնացնել, — մի գեղեցիկ օր, երբ հարազատ մարդկանց հետ նշում էինք իմ թոռնիկ Տարոնի տարեդարձը, ինձ դիմեց ամուսնուս ազգի սիրելի փեսա Վարդան Գալստյանը: Վարդանը շինարար է, ծագումով գորիսեցի, ձեռքը հազար տեղ մաշած տղամարդ:

Զարմանք-ուրախությունս խառնվեց իրար: Այսքան տարի, Անդրանիկի մասին պատմություններ որոնելուս ճանապարհին, այդ մասին չէի լսել, թեեւ Սիսիանից գնալուց 100 տարի հետո էլ, այս ժողովուրդը հիշում է նրան ու պատմում՝ «Փաշեն էկավ, Փաշեն կնաց, Փաշեն ասավ… »:

— Չեմ լսել, — ասում եմ, ու Վարդանը սկսում է պատմել՝

— Դե կռիվ, արյուն, սուգ: Ո՞ւմ մտքով կանցներ՝ ոչ ահելների եւ ոչ էլ ջահելների, խոսել պսակվելուց: Ո՞վ կաներ դա. բոլոր ընտանիքները կիսատ-պռատ, խնամախոսներ-քավորներ չկային, աղջիկ-տղա իրարից մի տեսակ հեռու-օտար. սիրո սիրտ չկար: Բայց դե կյանքը գետ է, պիտի հոսի, պիտի գնա…

Անդրանիկն ասել էր՝ «Էս հայություն ի՞նչ, պիտի վերանա՞: Է՜, թուրքի ուզածն ի՞նչ է…. Ջահելներին պիտի պսակենք»: Ասում են նաեւ, որ հավաքել էր իր շուրջը բոլորին՝ տեղի ջահելներին, իր հետ եկածներին, զրուցել-զրուցել էր, ապա խորհուրդ տվել՝ «Ամուսնանալն էլ պարտք է ազգի առաջ. հայություն չի կարող մեռնել. հայության ծառը պիտի ճյուղ տա, պտղվի: Էդ ծառը հիմա դուք եք: Հավանեք իրար, հարմարվեք, զույգեր կազմեք: Ես ձեզ ծնող, հարսնախոս, քավոր ու քահանա: Ես ձեզ պսակող»:

Հրաշք էր: Աստված իջել էր, կանգնել Սյունյաց հողին: Աստված Անդրանիկի մեջ էր: Ապա տարել, տեղավորել էր նոր պսակվածներին Շաքե գյուղում, ուր ակունքներն են Շաքե գետի, ուր հազար տարվա ջրաղացն էր՝ երկու քարով, Շաքեի ջրվեժն ու նրա ջրերում խայտացող կարմրախայտը…

«Տեր ու հնազանդ եղեք միմյանց, ընտանիք դարձեք»՝ ասել էր ու ինքը Շաքեից հետ դառել Անգեղակոթ:

Անցնում է մի քանի օր ու մեկ էլ հայտնի է դառնում, որ էս ջահելների սրտով չէր ո՛չ պսակը, ո՛չ իրենց զույգը եւ ոտքով Շաքեից եկել-հասել էին Անգեղակոթ՝ բողոքի:
Է՜, Անդրանիկի դեմն առնել կլինի՞: Նստում է ճերմակ ձին եւ մտրակելով ձիուն օդ թռցնում: Ո՞նց թե: Բա էդքան զրույցն իզո՞ւր էր: Ինքը չի՛ հրամայել: Ինքը հասկացրել է, որ ընտանիքն ու սերունդն ավելի լուրջ եւ ավելի ճիշտ կռիվ է թշնամու դեմ, քան կրակել-սպանելը: Եվ բոլոր զույգերին ձիու առաջն արած նորից հետ է բերում, հասցնում Շաքե: Դա մոտ մեկ ժամվա քայլելու ճանապարհ է: Երբ տեղ է հասնում, իջնում է ձիուց՝ գյուղի ծայրին ու հորդորում՝

— Ձեր ցավը տանեմ: Հասկացեք ինձի, իրար հասկացեք…

Այսքանը:

Դե ի՞նչ ասեմ: Հարցնում եմ Վարդանին՝ ո՞վ է հեղինակը զրույցի:

— 1985 կամ 86թ. օգոստոսն էր, երբ Անգեղակոթի ձորում մեծ ջրատար էինք անցկացնում, գյուղացիներն ուրախությունից համարյա ամեն օր մեզ համար հաց էին սարքում, հյուրասիրում, իրենք էլ հերթով գալիս, ուտում-խմում էին մեզ հետ: Սովորաբար հաց էինք ուտում Սուրբ Վարդան մատուռի մոտ՝ շիկացած քարերի վրա: Ամեն օր գյուղացիները մի հրաշք զրույց էին պատմում եւ մեր զարմացած հայացքներին ի պատասխան՝ աչքներն ուղղելով դեպի մատուռը, երդվում էին՝

— Էս սուրբը վկա, ճիշտը կըսենք…

Դե ինչ:

Հավատանք, որ մանկուց որբացած, ընտանիք ու զավակ կորցրած, կյանքն ազգին նվիրած Անդրանիկը՝ հայր ու քավոր է կանգնել կռվի մեջ իրենց կյանքն ու սերը մոռացած ջահելներին:

Հավատանք, որ Անդրանիկին բարի խորհրդատու է եղել իր ընտանիքն ազգին մատաղ տված Սոսե մայրիկը:

Հավատանք, որ Սրբ Վարդան Զորավար մատուռի մեջ անգեղակոթցիներն իրական պատմություն կպատմեին:

Հավատանք, որ հայն ամեն պահ կմտածի իր ազգի ապագայի մասին, ինչպես որ է:

ԾՈՎԻՆԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն, syuniacyerkir.am