Գլխավոր Լուրեր Միջազգային Ալիևն Ադրբեջանում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել

Ալիևն Ադրբեջանում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել

0
1966

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում (Գանձակ) իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Ալիևի խոսքով՝ դրանց նպատակն էր հասարակության մեջ լարվածություն առաջացնելն ու վախ տարածելը, հայտնում է minval.az-ը:

«Այդ ահաբեկչություններին ներգրավված բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն: Հենց նման խնդիր է դրված իրավապահ մարմինների առաջ»,- ասել է Ալիևն ուժային մարմինների ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ:

Ալիևը, հիշեցնելով, որ Գյանջայում ահաբեկչությունների հետևանքով սպանվել է ոստիկանության երկու բարձրաստիճան սպա, նշել է, որ այդ հանցագործությունների նպատակն Ադրբեջանում կայունությունը խախտելն է:

«Այդ ահաբեկչություններն ամենամեծ հանցագործությունն են: Այդ ահաբեկչություններն իրականացվել են կրոնական կարգախոսների անվան տակ, ինչն Իսլամի դեմ ամենամեծ հանցագործությունն է»,- ասել է նա:

Ալիևն ընդգծել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա: Նա ընդգծել է, որ այդ ահաբեկչություններն իրականացրած հանցավոր խմբավորումը վնասազերծվում է:

«Ադրբեջանում բազմիցս իրականացվել են հեղաշրջման փորձեր: Բայց ոչ մի ուժ չի կարողանա խարխլել ժողովրդի և կառավարության միջև միասնությունը»,- ասել է Ալիևը:

Ուրբաթ առավոտյան Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում (Գանձակ) ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը: Այսօր առավոտյան նրան ձերբակալելու համար իրականացված գործողության ընթացքում Բոյուկիշիևը զինված դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով սպանվել է:

Հաղորդվում է նաև քաղաքում անկարգությունների մասնակից ևս 10 ձերբակալվածի մասին:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում (Գանձակ) երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: