«Դուշանբեում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև զրույցի «ինֆորմացիոն հովանավորի» կարգավիճակը կարծես թե իրենց վրա են վերցրել ռուսական լրատվամիջոցները, որոնք բավականին մեծ ուշադրության են արժանացրել զրույցը:
Մի կողմից, իհարկե, սա հասկանալի է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԱՊՀ վեհաժողովում հազիվ թե հնարավոր լինի գտնել լուսաբանելու ենթակա որևէ այլ հետաքրքիր թեմա, և քանի որ Փաշինյանն ու Ալիևը իրենց զրույցով տվել են դրա հնարավորությունը, բնական է, որ ռուսական ԶԼՄ-ներն օգտագործում են այն: Մյուս կողմից, սակայն, նկատելի է նաև, որ նրանք կարծես թե պատրաստված լինեին այդ թեման լուսաբանելու, այսինքն՝ նրանց համար զրույցը, կարծես թե, միանգամայն սպասելի էր և «զինված պատրաստ էին» լուսաբանման համար այնքան, որ ըստ էության, նույնիսկ ունեին վերելակից դուրս գալու Փաշինյանի և Ալիևի բացառիկ կադրերը:
Այսպես, թե այնպես, ռուսական դերն այստեղ ուղղակի, թե անուղղակի ուրվագծում է նաև այն, որ մինչև վեհաժողովը, դրա նախօրեին կամ դրանից նույնիսկ բառացիորեն ժամեր առաջ, երբ առաջնորդները հավաքվում էին Դուշանբեում, Բաքու էր այցելել ՌԴ նախագահ Պուտինը: Սրան զուգահեռ, Մոսկվան, իհարկե, դեմ չի լինի օգտագործել իրադարձությունների ժամանակագրությունը թեկուզ տպավորություն ստեղծելու համար, որ իր լուման ունի զրույց էյ կայացման հարցում և մատուցել դա որպես կարգավորման գործընթացում իր բացառիկ դերակատարության վկայություն, ավելին, քան կարող են ունենալ Մինսկի խմբի մյուս համանախագահները: Իսկ այն, որ Ռուսաստանը միշտ էլ բացահայտ կամ զուսպ ձգտել է այդ բացառիկությունն ընդգծելուն, գաղտնիք չէ:
Արտաքին այս անտուրաժից դուրս, սակայն, շատ կարևոր է, իհարկե, իրադարձության խորքային բնույթն ու հեռանկարը: Ինչ քաղաքական շարունակություն է ենթադրում սահմանին լարվածության նվազման և օպերատիվ կապի հնարավորության մասին պայմանավորվածությունը: Դա լինելու է ուղղակի յուրօրինակ ֆորմատի հաստատագրո՞ւմ, երբ Երևանն ու Բաքուն, փաստորեն, կսկսեն ավելի քիչ մնալ Մինսկի խմբի համանախագահների խնամքին կամ հույսին և ավելի շատ հարցեր լուծել միմյանց հետ, թե՞ պայմանավորվածությունը ենթադրելու է նաև քաղաքական շարունակություն արդեն ֆորմալ բանակցային գործընթացի տեսքով:
Ինչպե՞ս են Ալիև-Փաշինյան զրույցին և բովանդակությանը վերաբերվում մյուս համանախագահները: Առայժմ, կարծես թե, արձագանքները բավականին սուղ են կամ գրեթե չկան»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: