Իսրայելի պաշտպանության նախարարությունը վերադարձրել է Aeronautics Defense Systems (ADS) ընկերության դրոնների արտահանման լիցենզիան, որը կասկածվում է Ադրբեջանում ցուցադրության ժամանակ հայկական զորքերի դեմ անօդաչուների օգտագործման մեջ:
Չնայած ընկերության երեք ղեկավարների լիցենզիան դադարեցված է, բուն ընկերությանը լիցենզիան վերադարձրել են, հայտնում է «The Times of Israel»-ը:
Երկուշաբթի ընկերությունը Թել Ավիվի բորսային տեղեկացրել է, որ «հիմնական A հաճախորդին» Orbiter 1K կամիկաձե դրոնի վաճառքի արգելքը դադարեցվել է: «Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ լիցենզիայի կասեցումն անմիջապես չեղյալ է հայտարարվել: Ընկերությունը հնարավորինս արագ կշարունակի դրոնների մատակարարումը նշված հաճախորդին»,- նշել են Aeronautics-ից:
Սակայն կասեցված է մնում ընկերության գլխավոր տնօրեն Ամոս Մաթանի, նրա տեղակալ Մեիր Ռիզմովիչի լիցենզիան, ինչպես նաեւ երրորդ աշխատակցի, ում անունը չի հրապարակվում:
Ընկերության վերոնշյալ աշխատակիցները կասկածվում են խարդախության եւ սպառազինությունների արտահանման վերահսկողության մասին օրենքը խախտելու մեջ։
Գործի հետաքննությունն սկսվել է 2017 թվականի սեպտեմբերին, գործի մանրամասների հրապարակման վրա դատական արգելք է դրված։ Անցած տարվա օգոստոսին ընկերությունը զրկվեց «կարեւոր հաճախորդին» Orbiter 1K անօդաչու սարք արտահանելու լիցենզիայից։
Իսրայելական պարբերականը նաեւ ընդգծում է, որ 2016-ին Ադրբեջանն օգտագործել է իսրայելական արտադրության Harop անօդաչու կամիկաձե ավտոբուսի վրա հարձակման ժամանակ, ինչի հետեւանքով զոհվել էր 7 հայ։
Հիշեցնենք, որ, համաձայն իսրայելական «Մաարիվ» պարբերականի, Ադրբեջանի ներկայացուցիչները, որոնք դիտարկում էին իսրայելական նոր անօդաչու սարքերի գնման հնարավորությունը, խնդրել են Aeronautics Defense Systems-ի աշխատակիցներին ցուցադրել Orbiter 1K կամիկաձե դրոնի հնարավորությունները։ Դրա համար անօդաչու թռչող սարքի օպերատորներին առաջարկել են հարված հասցնել հայկական զինված ուժերի՝ երկու երկրների սահմանների միջեւ գտնվող դիրքերին։