Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում 29-ամյա Լիաննա Մալխասյանը իր վարած Nissan Rogue մակնիշի 35 AՏ 911 համարանիշի ավտոմեքենայով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Անդրանիկի և Օհանովի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկված երեխաներին, ովքեր եղել են կվադրացիկլով և անցնելիս են եղել հետիոտնի համար նախատեսված վայրով՝ տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները՝ հրամանատար Մարատ Սիմոնյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկված երեխաների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: