Գլխավոր Լուրեր Միջազգային «Եթե ինչ-որ բան լինի, ապա այն երկար չի տևի». Թրամփը բացառել է...

«Եթե ինչ-որ բան լինի, ապա այն երկար չի տևի». Թրամփը բացառել է Իրանի դեմ ցամաքային հարձակումը

0
1267

Tert.am-ը գրում է․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև ստեղծված նախապատերազմական իրավիճակի մասին, ասել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կբացառի ցամաքային հարձակման տարբերակը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Թրամփն այս մասին ասել է Fox Business-ի լրագրողին, երբ վերջինս հետաքրքրվել է՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի է նախապատրաստվում:

«Միացյալ Նահանգները շատ ամուր դիրքում է: Եթե պատերազմ լինի, այն երկար չի տևի, և խոսքը ցամաքային հարձակման մասին չէ: Ես չեմ խոսում նրա մասին, որ մենք պատրաստվում ենք մեկ մլն զինվոր ուղարկել: Պարզապես ասում եմ, որ եթե ինչ-որ բան պատահի, դա երկար չի տևի: Ես այնքան լավ եմ վերաբերվել նրանց: Մեր անօդաչուի կործանմանն ի պատասխան որոշեցի չհարվածել նրանց, չսպանել բազմաթիվ իրանցիների, ի դեպ, ես իրանցի շատ ծանոթներ ունեմ: Ես իրանցիներին այնքան շատ եմ հավանում, որ այդ հանգամանքը ևս ազդում է իմ որոշումների վրա: Նրանք մարդկային արարածներ են: Ես չցանկացա 150 իրանցու սպանել, երբ նրանք կործանեցին մեր անօդաչուն»,-ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը հայտարարել էր իր տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: Դրանից հետո Թրամփը Սպիտակ տանն արտահերթ խորհրդակցություն էր հրավիրել, որի ընթացքում որոշվել էր երեք ուղղությամբ ավիահարված հասցնել Իրանին: Սակայն Թրամփը հարվածից րոպեներ առաջ չեղարկել էր որոշումը: Ավելի ուշ նա խոստովանել էր, որ եթե իրենք հարվածեին, ապա մոտ 150 իրանցի կզոհվեր, ինչն անհամաչափ պատասխան քայլ կլիներ, քանի որ ամերիկյան անօդաչուի կործանման հետևանքով Վաշինգտոնը զոհ չէր ունեցել: