Գլխավոր Իրավական «Արմավիր» ՔԿՀ–ի տեղամասի պետը 300 000 դրամի շինանյութերի դիմաց կալանավորի համար արտոնյալ...

«Արմավիր» ՔԿՀ–ի տեղամասի պետը 300 000 դրամի շինանյութերի դիմաց կալանավորի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. այլ ՔԿՀ–ներում նույնպես կաշառք վերցնելու դեպքեր են բացահայտվել. ԱԱԾ

0
1136

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մի շարք դեպքեր։

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ-ի տեղամասի պետը կալանավորին թույլատրելով օգտվել բջջային հեռախոսից, բաց թողնել խցի դռներն ու ազատ տեղաշարժվել, 2019թ մայիս-հուլիս ամիսներին, վերջինիս հարազատների միջոցով, որպես խոշոր չափի կաշառք պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 300 000 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի շինանյութեր, որոնք օգտագործել է անձնական կարիքների համար: ՔԿՀ-ում պատիժը կրող մեկ այլ դատապարտյալի օգտին նույնանման ապօրինի գործողություններ կատարելու համար պաշտոնատար անձը վերջինիցս նույնպես որպես կաշառք պահանջել է շինանյութ:

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ-ում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, 2019թ. ապրիլ-մայիս ամիսների ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել ռեժիմի խախտման դեպքերը կանխելու, արգելված իրեր հայտնաբերելու, իրավախախտումներն արձանագրելու և օրինական ընթացք տալու ուղղությամբ, ընդհակառակը՝ դատապարտյալների խցերում խուզարկություններ կատարելու փոխարեն վերջիններիս հետ գալով փոխադարձ համաձայնության, նրանցից ստացել են 20 հատ տարբեր տեսակի բջջային հեռախոսներ՝ դրանք ձևակերպելով իբրև խցերում կատարված խուզարկությունների արդյունք և այդպիսով կազմելով կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթեր:

Բացի այդ, նույն ՔԿՀ-ի աշխատակիցները արգելված իրեր, այդ թվում՝ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, դատապարտյալից որպես կաշառք ստացել են 100.000 ՀՀ դրամ, ընդ որում, իմանալով, որ վերջինիս հանձնուքում առկա հյութը պարունակում է հոգեմետ նյութեր, միջոցներ չեն ձեռնարկել՝ այն վերցնելու և քրեաիրավական ընթացք տալու ուղղությամբ, այլ ընդհակառակը՝ թույլատրել են դրա ապօրինի շրջանառությունը ՔԿՀ-ում:

Մեկ այլ դեպքով, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք, հանցավոր համաձայնության գալով, այսպես կոչված քրեական հեղինակություն համարվող որոշ դատապարտյալների հետ, տարբեր չափերի գումարների դիմաց, 2018թ. սեպտեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ՔԿՀ-ի տարածք են մտցրել արգելված իրեր, այդ թվում՝ թմրամիջոցներ, դրանք փոխանցելով որոշ դատապարտյալների:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն: