SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 9-ին, Շենգավիթում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ, պարզել են Մայիսի 9-ի փողոցի 9-րդ շենքի բակում մարտաֆիլմ հիշեցնող ինքնաձիգներից կատարված դեպքի մասնակիցների և սպանվածի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը նշված փողոցի նշված շենքի բնակիչ՝ «Ռիմա Թրավել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտն» էր։ Պարզվել է նաև, որ նույն օրը, ժամը 17։05-ի սահմաններում Ա. Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ փոխադարձ կրակոցներ են արձակվել միմյանց նկատմամբ, որի ընթացքում 30-ամյա Կոնստանտին Հունանյանը իր մոտ պահվող ապօրինի հրազենով կրակել է Ա. Պետրոսյանի ուղղությամբ, ով «Շենգավիթ» բժշկական կենտրոնում մահացել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ժամանակ Ա. Խաչատրյանը, Ս. Քրմոյանը և Դ. Թադևոսյանը իրենց մոտ ապօրինի պահվող հրազենից նույնպես կրակոցներ են արձակել Ա. Պետրոսյանի ուղղությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված անձանց և հանցագործության գործիք համարվող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության մասնակիցներից Ա. Մգոյանի հայրը՝ Արայիկ Մգոյանը, ոստիկանության նախկին ծառայող է, կոչումով՝ ոստիկանության գնդապետ, և նա երկար տարիներ աշխատել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության՝ օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ պայքարի վարչության պետ։ Իսկ կրակոցներ արձակած Կ. Հունանյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար եղել է դատապարտված և ազատ է արձակվել համաներմամբ, ով իր շրջապատում հայտնի է «Կոկո» մականվամբ։