Գլխավոր Լուրեր Քննություններ այլեւս չպետք է լինեն. նախարար Արայիկ Հարությունյանը կաշխատի այդ ուղղությամբ

Քննություններ այլեւս չպետք է լինեն. նախարար Արայիկ Հարությունյանը կաշխատի այդ ուղղությամբ

28820
0

armtimes.com-ը գրում է.

Այսօր՝ հունիսի 12-ին, անցկացվեցին միասնական քննություններ «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից: Մայրենիից քննություն հանձնելու համար Հայաստանում եւ Արցախում ընդհանուր առմամբ հայտագրվել է 2 508 դիմորդ: Միայն Հայաստանում՝ 2 234:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր առավոտյան այցելել էր Երեւանի Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն: Ի տարբերություն իրեն նախորդած առնվազն մի քանի նախարարների, Արայիկ Հարությունյանը քննական սենյակում գտնվող դիմորդների հետ ոչինչ չի խոսել, նրանց որեւէ կերպ չի դիմել: Շրջանավարտներից մեկը նկատեց, որ միասական քննությունների առաջին օրը եւս նախարար Հարությունյանը այցելել էր քննասենյակ եւ այնտեղ գտնվել մի քանի րոպե՝ դարձյալ լուռ:

Միասնական քննությունների կազմակերպչական աշխատանքներին առնչվող դժգոհություններ Արայիկ Հարությունյանը չունի: Քննությունների ընթացքը մեզ հետ զրույցում նա գնահատեց նորմալ: «Ամեն ինչ նորմալ է: Նախորդ անգամ երկու ֆեյսբուքյան գրառում էր եղել՝ քննությունների անցկացման կարգի հետ կապված: Խնդրել եմ, որ փաստերը ներկայացվեն՝ օրով, ժամով, որպեսզի ստուգենք մեր տեսախցիկներով: Փաստեր չեն ներկայացվել: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի»,- ասաց կրթության եւ գիտության նախարարը: Նա մանրամասնեց, որ նշված բողոքները վերաբերում էին քննությունների ընթացքի նկատմամբ թույլ վերահսկողությանը: «Հնարավոր է՝ նման դեպքեր արձանագրված լինեն, բայց կոնկրետ այս պահին փաստեր չունենք»,- հավելեց Արայիկ Հարությունյանը:

Միասնական քննությունների առաջին օրը՝ հունիսի 8-ին, երբ դիմորդների գիտելիքները ստուգվում էին կենսաբանություն, աշխարհագրություն եւ ընդհանուր պատմություն առարկաներից, մասնավորապես կենսաբանության քննություն հանձնածները, որոնց հետ մենք զրուցել էինք, նկատում էին, որ թեստերը շատ ավելի մատչելի էին, քան նախորդ տարիներինը: Կրթության եւ գիտության նախարարից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք դրանում հատուկ միտում կա՝ հաշվի առնելով, որ այս տարի դպրոցների շրջանավարտների թիվը զգալի փոքր է, եւ բուհերն էլ ուսանողների մեծ պակաս են ունենալու՝ մոտ 4 600 դիմորդի առկայության պարագայում:

«Կարծում եմ, որ նման միտում չէր կարող լինել: Ես առաջին անգամ եմ այդ դիտարկումը լսում: Լավ սովորողների համար թեստերը հեշտ են, վատ սովորողների համար բարդ են, միջին սովորողների համար ունեն միջին բարդություն»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը: Նախարարից հետաքրքրվեցինք, թե որն է ընդունելության քննությունների իր պատկերացրած իդեալական տարբերակը եւ արդյո՞ք կիսում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, նախկին նախարար Աշոտ Բլեյանի տեսակետը, ըստ որի՝ քննություններ ընդհանրապես չպետք է լինեն:

«Ես համաձայն եմ այդ դիտարկման հետ, պարզապես այս դեպքում պետք է վստահությունը հանրակրթության նկատմամբ բարձրացվի, որպեսզի այնտեղ ստացված գնահատականները ընդունվեն բուհերի կողմից: Իսկ դրա համար աշխատանք է պետք տանել: Ամենակարեւորը՝ ավագ դպրոցի դերակատարությունը պետք է բարձրացվի: Ես չէի ցանկանա, որ այս համակարգը երկար շարունակվի, որովհետեւ նախ թեստերը իրական գիտելիքները ցույց չեն տալիս: Բուհում իմ դասավանդման փորձն էլ ցույց է տալիս, որ անգիր անելով հնարավոր է ընդունվել բուհ, բայց հետո բուհում ձախողել՝ չունենալով համապատասխան հմտություններ»,- նկատեց Արայիկ Հարությունյանը` հաստատելով, որ նախարարի պաշտոնում իր գործունեությունը միտված է լինելու է, ի վերջո, քննություններից հրաժարվելուն:

Շարունակությունը կարդացեք այստեղ։