Գլխավոր Լուրեր «Հայաստանում գիտության ֆինանսավորումը չափազանց ցածր է»․Հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ.

«Հայաստանում գիտության ֆինանսավորումը չափազանց ցածր է»․Հարցազրույց Արեգ Միքայելյանի հետ.

113851
0

Աստղագիտության ոլորտի արդիական թեմաների շուրջ զրուցել ենք Բյուրականի աստղադիտարանի տնօրեն, Միջազգային աստղագիտական միության Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի աստղագիտության զարգացման տարածաշրջանային կենտրոնի տնօրեն, Հայկական աստղագիտական ընկերության նախագահ Արեգ Միքայելյանի հետ:

Հարցազրույցներ
# Աստղագիտություն
# Արեգ Միքայելյան
# Բյուրականի աստղադիտարան
Խմբագրի ընտրությունը
Արեգ Միքայելյան / © Բյուրականի աստղադիտարան
— Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ Հայաստանը պատրաստվում է իր սեփական փոքր արբանյակն արձակել: Ո՞ր փուլում է այդ գործընթացը:

Արեգ Միքայելյան — Հայաստանը՝ ՄԱԿ-ի Տիեզերքի խաղաղ օգտագործողների հանձնաժողովին (COPUOS) միանալուց հետո, բնականաբար նախատեսում է ունենալ իր սեփական արբանյակը, իսկ հետագայում նաև՝ արբանյակները։ Սակայն թեև դա նախատեսված է, բայց դեռ իրական ծրագիր չէ։

Այստեղ երկու մոտեցում է ուսումնասիրվում՝ կամ մասնակցել այլ երկրների արդեն գոյություն ունեցող կամ արձակվելիք արբանյակների ծրագրերին (մասնակի ֆինանսավորման պայմանով), կամ փորձել պատրաստել և արձակել սեփական արբանյակ, ինչն ավելի բարդ է և խոսքն էլ ավելի համեստ արբանյակի մասին է։ Օրինակ եթե կարելի է կառուցել և արձակել մատչելի արբանյակներ նույնիսկ մի քանի տասնյակ հազար ԱՄՆ դոլարի սահմաններում, ապա լուրջ խնդիրներ իրականացնող երկրակայուն (գեոստացիոնար) արբանյակն արժե ոչ պակաս, քան 200-250 մլն ԱՄՆ դոլար։

— Արբանյակը տիեզերք ուղարկելու դեպքում հնարավո՞ր է համագործակցություն SpaceX-ի, Росксомоса-ի կամ այլ ընկերության հետ:

Արեգ Միքայելյան — Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, թեև ամեն արբանյակ իր առանձին ծրագիրն ու նպատակներն ունի։ Սովորաբար համագործակցության համար նախապես են պայմանավորվում և համապատասխան ձևով պատրաստում արբանյակը և սարքավորումը։ Այնպես որ մեր դեպքում դա առայժմ միայն պլաններում է։ Իսկ տարբեր երկրների հետ համագործակցել՝ միանշանակ, քանի որ Հայաստանը որպես փոքր երկիր չի կարող միայնակ շատ մեծ ծրագրեր իրականացնել։

Ամեն դեպքում՝ մենք մտնում ենք տիեզերական դարաշրջան և նույնիսկ զուտ գործարարական տեսակետից արդեն ձեռնտու չէ շարունակ կապուղիներ գնել այլ երկրներից, երբ կարելի է ունենալ մեր սեփականը կամ գոնե համագործակցել և օգտվել դրանից։

— Կնշե՞ք Բյուրականի աստղադիտարանում կատարված վերջին նշանավոր բացահայտումը:

Արեգ Միքայելյան — Մեզ մոտ իրականացվում են մի շարք այսպես կոչված շրջահայություններ (անգլերեն՝ survey)․ դրանք երկնքի լայնածավալ դիտումներ և ուսումնասիրություններ են՝ նոր տիեզերական օբյեկտների բացահայտման և հետագա հետազոտման նպատակով։ Ի տարբերություն, շատ աստղադիտարաններում միայն ուսումնասիրում են ուրիշների կողմից արդեն հայտնաբերված օբյեկտները, ինչի համար հիմնական պայմանն է ունենալ առաջատար տեխնիկա։

Շատ ավելի բարդ է հասկանալ, թե ինչ մոտեցումներ և եղանակներ կիրառելով կարելի է Մեր Գալակտիկայի միլիարդավոր աստղերի և Տիեզերքի միլիարդավոր գալակտիկաների մեջ առանձնացնել առավել հետաքրքիրները, որոնք կարող են կազմել 1%-ից էլ պակասը։ Դրանց շնորհիվ բացահայտվում են առավել կարևոր տիեզերական օբյեկտները։

Վերջին տարիներին մեզ մոտ հայտնաբերվել են նոր քվազարներ, ակտիվ միջուկով այլ գալակտիկաներ, երիտասարդ աստղային օբյեկտներ (Հերբիգ-Հարո օբյեկտներ, ֆուօրներ և այլ), չափազանց մեծ խտության սպիտակ թզուկ աստղեր, գերնորեր, պայթյունային փոփոխականներ, ուշ սպեկտրային դասերի և անսովոր քիմիական բաղադրություն ունեցող ածխածնային աստղեր, այլ փոփոխականներ, կրկնակի աստղեր և այլն։ Կատարվել են նաև կարևոր տեսական աշխատանքներ՝ Արեգակի ֆիզիկայի, աստղերի մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման տեսության և այլ բնագավառներում։

— Ներկայումս անձամբ ինչ-որ հետազոտություն կատարո՞ւմ եք, թե՞ միայն գրանտների կամ արտաքին պատվերների շրջանակներում են դրանք արվում: Եթե կատարում եք, որո՞նք են, ինչպիսի՞ն են արդյունքները:

Արեգ Միքայելյան — Իհարկե կատարում եմ և միշտ եմ կատարել։ Ես երբեք գիտական ակտիվությունը չեմ թուլացրել, անկախ այն բանից, թե ինչ պաշտոն եմ զբաղեցրել կամ ընդհանրապես չեմ զբաղեցրել։ Անհամեստ չլինեմ, բայց Հայաստանում ինչ 2012թ․ ստեղծվել է առավել արդյունավետ գիտնականների ցանկը, ես առ այսօր անցկացված բոլոր մրցույթներում ներառվել եմ դրանում։ Ընդհանրապես, գիտական գործունեությունն առաջնայինն է, անհրաժեշտ է ակտիվ աշխատել գիտության մեջ, նոր հետո իրականացնել նաև վարչական, կազմակերպական, կրթական, խմբագրական, հանրային կամ այլ գործունեություն։

Ի դեպ, գիտական հետազոտությունները նաև կարող են կատարվել հենց դրամաշնորհների շրջանակներում։ Ինչ վերաբերում է արտաքին պատվերներին, ապա այդպես կարելի է կոչել այն ծրագրերը, որոնք դրսից են առաջարկվել, սակայն մեր դեպքում միշտ կարողացել ենք իրականացնել մեզ հետաքրքրող թեմաները և խնդիրները։ Վերջին կարևոր արդյունքներից կնշեմ ակտիվ միջուկով գալակտիկաների բազմալիքային (ռենտգենյան, գերմանուշակագույն, օպտիկական, ենթակարմիր, ռադիո) վիճակագրական ուսումնասիրությունները, որոնք թույլ են տալիս պարզել գալակտիկաների ֆիզիկական հատկությունները։

Կան նաև բազմաթիվ հայտնաբերված նոր տիեզերական օբյեկտներ․ ընդհանրապես մեր հետազոտություններն աչքի են ընկնում նոր օբյեկտների բացահայտմամբ։ Արդեն կան մեր կողմից բացահայտված շուրջ 5700 օբյեկտներ, որոնք բոլորն էլ հետագա ուսումնասիրությունների առարկա են։

— Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում գիտահանրաճանաչ մեդիայի մակարդակը: Ինչո՞ւ այստեղ ոչ ոք գիտական լուրեր չի կարդում:

Արեգ Միքայելյան — Մակարդակն իհարկե դեռ հեռու է ցանկալիից, սակայն արդեն բազմաթիվ քայլեր են արվում իրավիճակը շտկելու համար։ Այլ հարց է, որ այո, մարդիկ են տարված այլ հետաքրքրություններով՝ առօրյա խնդիրներ, քրեական թեմաներ, բիզնես, քաղաքականություն, սպորտ և այլն։ Սովորաբար երկրի զարգացման հետ միասին առաջին պլան է գալիս նրա գիտությունը։

Մեզ մոտ մի փոքր արտառոց վիճակ է․ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում գիտությունը բարձր մակարդակի վրա է եղել, սակայն երկրում հիմա կենսամակարդակը շատ ցածր է։ Հայաստանը երևի միակ պետությունն է աշխարհում, որ զարգացող երկիր է, բայց ունի բարձրակարգ գիտություն։ Այսինքն հասարակության գիտակցության և գիտության կարևորության անհամապատասխանություն կա։

— Եթե կարդում են, ապա ինչո՞ւ ոչ մի մասնագիտացված կայք չկա, կան՝ միայն սիրողական մակարդակ
ի:

Արեգ Միքայելյան — Հավանաբար ուժերն են քիչ ամեն ինչ հասցնելու համար։ Մասնագիտական մակարդակի հենց մեր աստղադիտարանի կայքէջն է (https://www.bao.am), բայց դրանից սովորական մարդիկ դժվար թե օգտվեն: Գիտահանրամատչելի նյութեր տրամադրելն ավելի կարևոր է։ Օրինակ մենք ստեղծել ենք հայերեն առցանց ամսագիր՝ «Աստղագիտակ» (https://www.aras.am//Astghagitak), որտեղ ներկայացվում են հայերեն լեզվով մատչելի աստղագիտական նյութերն ըստ թեմաների։

Ցանկալի կլիներ ունենալ աստղագիտական ամսագիր, Youtube-ում շատ ավելի աստղագիտական նյութեր (որոշ նյութեր ունենք տեղադրած), Վիկիպեդիայի աստղագիտական շատ հոդվածների հայերեն տարբերակները, սակայն այդ ամենի համար բազմաթիվ մարդիկ և միջոցներ են պետք։

— Այս տարի աստղաֆիզիկայի մագիստրատուրա ընդունվածները 2-3 ե՞ն: Դա բավարա՞ր եք համարում: Ձեր կարծիքով՝ արդյո՞ք այդ հանգամանքի վրա ազդում է գիտական ԶԼՄ-ի բացակայությունը Հայաստանում:

Արեգ Միքայելյան — Այո, վերջին տարիներին շատ քիչ են ընդունվում և ոչ միայն մեր ոլորտում։ Գիտության ճանապարհն ընտրող պատանիների և երիտասարդների թիվը խիստ անկում է ապրել հիմնականում հետագա ցածր վարձատրվող աշխատանքի հեռանկար ունենալու պատճառով։ Ձեր նշած պատճառը նույնպես առկա է․ եթե գիտությունն ավելի բարձր գնահատվեր ու մասսայականացվեր, հանրությանը պատշաճ կերպով ներկայացվեին գիտության կարևորությունը և արդյունքները, վստահ եմ, որ երիտասարդների հոսքն էլ կավելանար։

— Ինչպե՞ս եք անձամբ մասնակցում Հայաստանում գիտության հանրայնացմանը:

Արեգ Միքայելյան — Մենք նախաձեռնել ենք գիտության, մասնավորապես՝ աստղագիտության հանրայնացմանը վերաբերող մի շարք ծրագրեր, այդ թվում՝ գիտական, (մասնավորապես՝ աստղագիտական) լրագրությունը (հարցազրույցներ, հանրամատչելի հոդվածներ, մամուլի ասուլիսներ, հեռուստա և ռադիո հաղորդումներ և այլն), արտագնա դասախոսություններ Երևանի և ՀՀ մարզերի դպրոցներում (մասամբ՝ ՀՕՖ-ի հետ համատեղ), նաև՝ դասախոսություններ այլ կազմակերպություններում:

Բյուրականյան գիտաճամբարներ են կազմակերպվում (որտեղ աստղագիտությունից բացի ներկայացվում են նաև այլ գիտությունները), «Իմ Տիեզերքը» շարադրությունների մրցույթ և եռօրյա այցելություն Բյուրականի աստղադիտարան Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի դպրոցականների համար (նույնպես ՀՕՖ-ի հետ համատեղ), էապես օժանդակում ենք աստղագիտական օլիմպիադաների իրականացմանը, իրականացնում ենք մի շարք ծրագրեր ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչների համար:

Ինչպես նշվեց՝ ստեղծել ենք մի շարք կայքէջեր, վերջապես ակտիվորեն զարգացնում ենք գիտական (և աստղագիտական) տուրիզմը, մասնավորապես կազմակերպելով տարատեսակ այցելություններ Բյուրականի աստղադիտարան։ Այստեղ պետք է նշեմ մեր հանրային կապերի համակարգող Սոնա Ֆարմանյանի դերը, ով ջանք չի խնայում Հայաստանում աստղագիտական կրթության և աստղագիտության հանրայնացմանն ուղղված նախաձեռնություններով։

— ՀՀ կառավարության ծրագրերում կա՞ արդյոք նոր աստղադիտակի կառուցում՝ աստղաֆիզիկայի ոլորտում մրցունակ դառնալու համար:

Արեգ Միքայելյան — Ցավոք՝ ոչ։ Իրականում Հայաստանի նման փոքր երկրում մեկ-երկու աստղադիտակն էլ բավարար է (մեզ նման շատ երկրներ նույնիսկ ընդհանրապես չունեն որևէ աստղադիտարան), սակայն այստեղ կարելի էր խոսել ավելի լավ աստղագիտական պայմաններ ունեցող վայրում դիտողական կենտրոն կառուցելու մասին։ Բյուրականն ընտրվել է այն ժամանակվա ֆինանսավորման պայմաններում որպես ամենաօպտիմալ վայր։

Պարզ է, որ ֆինանսների առկայության դեպքում պետք է դրանք շատ ավելի արդյունավետ օգտագործել և աստղադիտակներ տեղադրել բարձրլեռնային, խոշոր բնակավայրերից հեռու և աստղագիտական դիտումների համար լավագույն վայրերում։ Մենք հիմա փորձում ենք մեր փոքր աստղադիտակներից մեկը (50 սմ հայելու տրամագծով) տեղափոխել և տեղադրել Արագածի գագաթին ավելի մոտ վայրում և լրացուցիչ առավելություն ստանալ, սակայն այս ծրագիրն էլ նույնպես ծախսեր է պահանջում։ Իսկ խոշոր աստղադիտակի կառուցումը և տեղադրումն առնվազն 100-120 մլն ԱՄՆ դոլարի չափ ֆինանսներ է պահանջում։

— Կառավարության կողմից հատկացվող ֆինանսավորումը բավարա՞ր եք համարում: Ինչի՞ վրա կծախսեիք 1 միլիարդ դոլարը, եթե հաջորդ տարի այդպիսի գումար հատկացնեին Ձեզ:

Արեգ Միքայելյան — Առաջին հարցին՝ իհարկե ոչ։ Հայաստանում գիտության ֆինանսավորումը չափազանց ցածր է, աշխարհում ամենացածրներից մեկը նույնիսկ հարաբերական առումով, այսինքն բացի բացարձակ չափից, բյուջեից գիտությանը հատկացվող տոկոսի (շուրջ 1%) առումով էլ ենք շատ հեռու քաղաքակիրթ երկիր կոչվելուց։

Այստեղ կարող ենք խոսել թե՛ ցածր աշխատավարձերի (իմ համոզմամբ գիտնականը պետք է երկրի ամենաբարձր աշխատավարձերից մեկը ստանա, օրինակ նրա աշխատանքը շատ ավելի բարդ է և կարևոր, քան ԱԺ պատգամավորներինը, ովքեր ամսական 1․5 մլն դրամ են ստանում գիտնականի 120-150 հազարի դիմաց, այսինքն շուրջ 10-12 անգամ ավելի), թե՛ գիտական ենթակառուցվածքների և սարքավորումների արդիականացման խիստ պահանջի, թե՛ գործուղումների և այցելությունների ֆոնդի, թե՛ մի շարք այլ ծախսերի մասին։

Այսօր աստղադիտարանի տարեկան բյուջեն 215 մլն դրամ է, այսինքն կես մլն դոլարից էլ պակաս։ Մենք վճարում ենք չափազանց ցածր աշխատավարձ, ամսական կոմունալ ծախսերը, ձեռք ենք բերում տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ վառելիք և չնչին գումար էլ մնում է համակարգչային տեխնիկայի, միջոցառումների կազմակերպման, գործուղումների, կահույքի, գրենական պիտույքների, տպագրության, վերանորոգման և մնացած ամեն ինչի համար։

Բարեբախտաբար, մի փոքր էլ (շուրջ 80 մլն) ավելանում է դրամաշնորհների և պայմանագրերի շնորհիվ, բայց միևնույն է շատ հեռու ենք անհրաժեշտ նվազագույնից։ Պատկերացրեք որքան քիչ է ամսական 25 մլն-ը բազմաթիվ գործառույթներ, 100 հոգուց բաղկացած անձնակազմ, 53 հեկտար տարածք և 70 շինություն ունեցող հիմնարկի համար։ Ես գնահատում եմ, որ աստղադիտարանի նորմալ կենսագործունեության համար (առանց խոշոր ներդրումների) անհրաժեշտ է տարեկան մոտ 1 մլրդ դրամ։

Եթե խոսում ենք 1 մլրդ դոլարի մասին, ինչը 500 անգամ ավելի է, ապա կարելի էր արդեն նոր խոշոր աստղադիտակ տեղադրել, էապես արդիականացնել նյութատեխնիկական բազան, ավելացնել անձնակազմը (ինչի կարիքը նույնպես կա) և հատկապես ներգրավել երիտասարդ խելացի կադրերի, ովքեր փոխարենը գնում են ավելի բարձր վարձատրվող ոլորտներ և ցավոք իրենց տաղանդը շատ ավելի պակաս արդյունավետ աշխատեցնում են ավելի քիչ գիտելիքներ պահանջող տեղում։

— Հավատո՞ւմ եք այլմոլորակային կյանքին:

Արեգ Միքայելյան — Վստահ եմ, որ մեր քաղաքակրթությունը միակը չէ։ Արտերկրային քաղաքակրթությունների հիմնախնդիրը բազմաճյուղային գիտություն է․ այստեղ ներգրավված են աստղագիտությունը, ֆիզիկան, ռադիոֆիզիկան, կապը և հեռահաղորդակցությունները, քիմիան, կենսաբանությունը, փիլիսոփայությունը, պատմությունը, հնագիտությունը (պալեովիզիտոլոգիական՝ հնայցաբանական ուսումնասիրություններ), նույնիսկ լեզվաբանությունը։

Աստղագետներն ամենից առաջ են անցել՝ հայտնաբերելով բազմաթիվ արտարեգակնային մոլորակներ։ Դրանց մեջ կան արդեն մի քանի տասնյակ երկրանման և կյանքի համար հարմարեցված մոլորակներ, և հիմա որոնումների գլխավոր ուղղությունն է դրանց վրա կյանքի նշաններ գտնել։ Հուսանք շատ շուտով այս հարցում լուրջ առաջխաղացում կգրանցվի։

— Կնշե՞ք Ձեր սիրած ֆիլմը:

Արեգ Միքայելյան — Հատկապես շատ եմ սիրում պատմական ֆիլմեր, օրինակ ինձ համար լավագույններից մեկն է Մել Գիբսոնի «Քաջ սիրտը»՝ թե՛ որպես ռեժիսորական և թե՛ որպես դերասանական գործ։ Շատ եմ սիրում հայկական դասական ֆիլմերը՝ Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Արման Կոթիկյանի, Մհեր Մկրտչյանի, Սոս Սարգսյանի, Խորեն Աբրահամյանի, Ազատ Շերենցի, Ֆրունզե Դովլաթյանի և շատ ուրիշների մասնակցությամբ։

— Սիրողական մակարդակում ինչի՞ց խորհուրդ կտաք սկսել ուսումնասիրել աստղաֆիզիկան:

Արեգ Միքայելյան — Անտուան դը Սենտ Էկզյուպերիի հետաքրքիր ասույթն եմ հիշում, որ նավաստի դառնալու համար ոչ թե պետք է նավաշինություն սովորել, ծովի քամիներն ու այլ առանձնահատկություններն ուսումնասիրել, այլ պարզապես ծովը սիրել։ Նույնը կարելի է ասել աստղագետ դառնալու համար՝ ավելի կարևոր է սիրել աստղալից երկինքը ու մտովի խորանալ Տիեզերքի գաղտնիքների մեջ․ չկա ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր ու ավելի խորհրդավոր բան, քան Տիեզերքն է։