Գլխավոր Լուրեր Միջազգային «Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի». Ադրբեջանի ՊՆ

«Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի». Ադրբեջանի ՊՆ

5719
0

Ադրբեջանի զինված ուժերը ներկայում պատրաստ է «օկուպացված տարածքների ազատագրմանը»։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, գրում է lenta.ru-ն։

«Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի։ Քաղաքական բանակցությունները մեր գործը չէ։ Այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է օկուպացված տարածքների ազատագրմանը, այդ թվում՝ հոգեբանորեն», – ասել է Հասանովը։

Ադրբեջանցի նախարարը նշել է, որ երկրի ԶՈւ-ի շուրջ 80 տոկոսը պայմանագրային զինծառայողներ են, և «ամբողջ ռազմական տեխնիկան կառավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն առնվազն 5-6 տարվա փորձ»։

Հասանովը հավելել է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը խնդիր է դրել իրենց առաջ ապահովել բանակի մարտունակությունն իրական ռազմական գործողությունների համար։

«Առաջիկա մի քանի տարվա ընթացքում մենք կավարտենք մեր առաջ դրված խնդիրն ամբողջությամբ»,- ասել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը՝ շեշտելով, որ դա վերաբերում է նաև ռազմական մեքենաների նորացմանը, արդիականացմանն ու նոր հրետանային համակարգերի գնմանը։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ իշխանությունների կողմից մշակված է «Մեծ վերադարձ» անվանումը ստացած հատուկ ծրագիր, որը նախատեսում է հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների գրավում, «քանի որ հայկական կողմը չի ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»։

Նոր տեսանյութ.