Գլխավոր Լուրեր Միջազգային Կոչ ենք անում Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր. ԱՄՆ...

Կոչ ենք անում Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր. ԱՄՆ Պետքարտուղարություն

13215
0

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել հարթել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «ԱՄՆ-ը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին տիրող վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների կալանավորմամբ:

Կոչ ենք անում կողմերին անհապաղ և խաղաղ եղանակով կարգավորել միջադեպը: Շարունակում ենք նաև կոչ անել Ադբեջանին՝ անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ պահվող անձանց և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում իր պարտավորվածությունների մասին, այն է՝ մարդկային վերաբերմունք դրսևորել բոլոր կալանված անձանց նկատմամբ:

Միացյալ Նահանգները սադրիչ և անհարկի է համարում ցանկացած տեղաշարժ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի չսահմանագծված հատվածներում: Մերժում ենք ուժի կիրառումը սահմանագծման նպատակով և կոչ անում երկու կողմին վերադառնալ իրենց նախկին դիրքեր և դադարեցնել ռազմական ամրացումները և ականների տեղադրումը չսահմանագծված սահմանին:

Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին տեղափոխել զորքերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքեր: Հայաստանին ևս կոչ ենք անում տեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ եղած դիրքերում և ողջունում ենք այդ նպատակով արվող հայտարարությունները:

Այս գործողությունները կնպաստեն լարվածությունների ապաէսկալացիային և պայմաններ կստեղծեն խաղաղ բանակցությունների գործընթացի համար՝ ուղղված սահմանագծմանը: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել այս ջանքերին»:

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցություններին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ ԼՂ հակամարտությանը երկարաժամկետ քաղաքական լուծում գտնելու համար: