««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին ավագանու արտահերթ ընտրություններին Երևանի քաղաքապետ ընտրված Հայկ Մարությանն իր երդման արարողությունը որոշել է յուրահատուկ ձևով անցկացնել: Այս ընթացքում համառորեն լուրեր են շրջանառվում այն մասին, որ Մարությանը մտադրություն ունի իր երդմնակալության արարողությունն անցկացնել Հանրապետության հրապարակում:
Մարությանն այդպես է վարվելու, քանի որ Հանրապետության հրապարակը նույնացվում է թավշյա հեղափոխության հաղթանակի հետ, նաև դարձել է ժողովրդի հետ իշխանությունների հաղորդակցության յուրօրինակ հարթակ: Հեղափոխության օրերին հիմնական հանրահավաքը հենց այդտեղ էր անցկացվում: Եվ հետո, ինչպես հիշում եք, վարչապետ Փաշինյանն էլ իր 100 օրն ամփոփեց հենց Հանրապետության հրապարակում:
Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց և´ Երևանի քաղաքապետարան, և´ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, սակայն երկու գերատեսչություններն էլ տեղյակ չէին նորընտիր քաղաքապետի ծրագրերից:
Միայն Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Մարությանն իրենց հետ չի քննարկել իր ծրագրերը՝ չնայած այն բանին, որ քաղաքապետարանի աշխատակազմն է զբաղվում երդմնակալության արարողության կազմակերպման աշխատանքներով:
Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառվում, որ հանդես կգա հայտարարությամբ, և Հայկ Մարությանին ձայն տված քաղաքացիներին կհրավիրի Հանրապետության հրապարակ մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնավարման 100 օրը նշեց Հանրապետության հրապարակում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: