Գլխավոր Սպորտ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչոքի խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչոքի խաղաց Լիխտենշտեյնի հավաքականի հետ

1265
0

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Վադուցում անցկացրեց Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումը Լիխտենշտեյնի հավաքականի հետ եւ միայն խաղավերջում խուսափեց պարտությունից՝ 2:2:

Հայաստանի հավաքականը հաշիվը բացեց 9-րդ րոպեին: «Ալաշկերտի» պաշտպան Գագիկ Դաղբաշյանի փոխանցումից հետո աչքի ընկավ գերմանական «Յան Ռեգենսբուրգի» հարձակվող Սարգիս Ադամյանը, որն առաջին գոլը խփեց ազգային թիմում:

Առաջին խաղակեսի նախավերջին րոպեին դաշտի տերերը կարողացան խփել պատասխան գոլը: Հեռվից կատարած անհավանական հարվածով գոլի հեղինակ դարձավ իտալական «Էմպոլիի» կիսապաշտպան Մարսել Բուխելը:

47-րդ րոպեին Լիխտենշտեյնի հավաքականն օգտվեց «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանի սխալ հետփոխանցումից, եւ ամերիկյան «Չիկագո Ֆայրի» կիսապաշտպան Նիկոլաս Հասլերը հաշիվը դարձրեց 2:1:

Դրանից հետո Հայաստանի հավաքականը բազմաթիվ վտանգավոր պահեր ունեցավ մրցակցի տուգանային հրապարակում, սակայն հաշիվը հավասարեցրեց միայն 85-րդ րոպեին: Փոխարինման դուրս եկած հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը գլխի հարվածով արդյունավետ եզրափակեց Գեւորգ Ղազարյանի փոխանցումը՝ 2:2: