«Մեր աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ իր մոտ հանդիպման է կանչել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին: Սակայն ուշագրավն այն է, որ հանդիպմանը ներկա չեն եղել հանձնաժողովների՝ ԲՀԿ-ական և ԼՀԿ-ական նախագահները, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, սակայն Գիտության, կրթության, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնելուց՝ ասելով, որ գաղտնիք է:
Նկատենք՝ «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ սովորություն է ձևավորվել փակ նիստեր անելն ու քննարկած հարցերը գաղտնի պահելը:
Պատգամավորներն էլ սա բացատրում են նրանով որ դրանք ընդամենը աշխատանքային հանդիպումներ են, և դեռ շատ բաներ կիսատ են, ուստի իմաստ չկա հրապարակելու»,-գրում է թերթը: