«Կառավարության ծրագիրը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական է բնութագրել այն քայլերը և մոտեցումները, որ անում է արցախյան գործընթացում: Նիկոլ Փաշինյանն այդ առիթով ավելի վաղ հայտարարել էր, որ նոր իշխանությունն իրականացնում է քաղաքականություն, որը ոչ մի ընդհանրություն չունի նախկին երեք նախագահների վարած քաղաքականության հետ:
Խոշոր հաշվով, լայն հանրության համար բավական դժվար է մատնանշել, թե որն է արցախյան խնդրում նոր իշխանության վարած քաղաքականության հեղափոխականությունը: Մյուս կողմից՝ ակնառու է, որ արվել են հայտարարություններ, որոնք սկզբունքորեն տարբերվում են Երևանի նախորդ հռետորաբանությունից: Խոսքը մասնավորապես, թե´ այն մասին է, որ Երևանը չունի բացելու այն մանդատը, որ պետք է ունենա Ստեփանակերտը և թե´այն մասին, որ Հայաստանը կամ հայկական կողմը չպետք է լինի փոխզիջումների վերաբերյալ միջազգային հարցադրումների առաջին հասցեատերը՝ առաջինը պետք է հարց ուղղել Բաքվին:
Հեղափոխակա՞ն են այս հայտարարությունները, թե ոչ: Տեսանելիության առումով, իհարկե, դեռևս ոչ, սակայն, մեծ հաշվով, դրանք կարող են դիտարկվել հեղափոխական ռազմավարության առաջին քայլեր կամ, այլ կերպ ասած, արցախյան խնդրում թավշյա հեղափոխության մեկնարկ: Պարզապես պետք է հասկանալ, թե որն է այդ հեղափոխության ռազմավարական նպատակը կամ, այսպես ասած, մերժման թիրախը:
Ահա այս տեսանկյունից ակնառու է, դատելով նախորդ քառորդ դարի գործընթացի տրամաբանությունից և դրա հետևանքներից, որ այս դեպքում «թավշյա հեղափոխության» «մերժման» թիրախ կարող են լինել «մադրիդյան սկզբունքները», և այդ սկզբունքների ճանաչման վրա կառուցված քաղաքականությունից դուրս գալը միայն կարող է վկայել արցախյան հարցում հեղափոխության մասին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: