Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարությունում ներկա է գտնվել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաների ներկայացման արարողությանը: Ճապոնական կողմը մեր երկրին տրամադրել է 14 հրշեջ ավտոմեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա:
Իր խոսքում, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգարժան պարոն դեսպան Ջուն Յամադա, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ներկայացուցիչ Էջիրի Յուկիհիկո,
հարգելի պարոն նախարար, պետական այրեր, հյուրեր
Ուրախ եմ ներկա գտնվել այսօրվա հանդիսավոր արարողությանը, որի նպատակն է ներկայացնել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանին տրամադրվող հերթական օգնության ծրագիրը: Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության՝ Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար: Համաձայն այդ ծրագրի՝ Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին, ընդհանուր առմամբ, տրամադրելու է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 14,5 մլն դոլար:
Ես ցանկանում եմ մեր երախտագիտությունը հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության և տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար: Ձեր օգնությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում: JICA-ի օգնությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր էներգետիկ համակարգի արդիականացման և արդյունավետության բարձրացման համար: Հարկ է նկատել, որ ճապոնական օգնությունը հատկապես զգալի է եղել բնական աղետներից պաշտպանվելու մեր ունակությունների բարձրացման ոլորտում: Դա վերաբերում է սողանքների դեմ պայքարին, սեյսմիկ կայունությանը, հրշեջ ծառայության ունակությունների արդիականացմանը և այլ հարցերի:
Ցանկանում եմ հիշատակել մեկ այլ ծրագիր ևս, որի իրականացման հետ կապված հանդիսավոր արարողությունը նույնպես տեղի է ունեցել այսօր: Խոսքս Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման համար տրամադրվող օգնության մասին է, որը կազմում է ընդհանուր առմամբ շուրջ 1.3 միլիոն դոլար:
Հայաստանը մշտապես շահագրգռված է ամրապնդել բարեկամական կապերն ու համագործակցությունը Ճապոնիայի հետ: Համոզված եմ, որ շատ բաներ կան, որոնք միավորում են մեր ժողովուրդներին: Թե՛ ճապոնացիները, թե՛ հայերն ունեն ուրույն և իրենց տարածաշրջանի համար առանձնահատուկ մշակույթ: Ուշագրավ է նաև այն, որ երկուսն էլ ունեն ազգային ինքնության ընդգծված զգացում: Օգնության ծրագրերն, անշուշտ, հանդիսանում են մեր բարեկամության և Հայաստանի նկատմամբ Ճապոնիայի ունեցած բարյացակամության արտահայտումը: Մեր ժողովուրդների և երկրների միջև գոյություն ունեցող հարգանքն ու համակրանքը լավ հիմք են հանդիսանում մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և կատարելագործելու համար: Մենք պատրաստ ենք գործադրել ամեն ջանք և որոնել նոր ուղիներ մեր կապերն ամրապնդելու և փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: Շնորհակալ եմ»:
Միջոցառման ընթացքում որպես երկարատև և արդյունավետ համագործակցության խորհրդանիշ՝ մարվելու ՀՀ ԱԻՆ-JICA թեմայով է նամականիշ:
***
2017թ. սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, 3 ավտոսանդուղք և 1 կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր:
Առաջին փուլի գույքն ու սարքավորումները արդեն իսկ Հայաստանի Հանրապետությունում են 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք 1 կարգավար մեքենա (շարժական արհեստանոց), իսկ երկրորդ փուլը՝ 22 հրշեջ մեքենա նախատեսվում է տրամադրել 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ծրագրի առաջին փուլով տրամադրվող մեքենաների բաշխումը կատարվել է հետևյալ կերպ՝ Շիրակի մարզ՝ 6 հատ 5 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Լոռու մարզ՝ 6 հատ 5 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք, Սյունիքի մարզ՝ 5 հատ 4 հրշեջ մեքենա, 1 շարժասանդուղք:
2019թ. ապրիլի 18-ից (մինչև մայիսի 25-ը) ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի «Լուսակերտ» ուսումնական բազայում կազմակերպվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում ստացված հրշեջ ավտոմեքենաների շահագործման և սպասարկման վերաբերյալ մասնագիտական դասընթացներ՝ ճապոնացի մասնագետների մասնակցությամբ: