Գլխավոր Պաշտոնական Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին, պահպանել Սահմանադրությունն...

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները. ՀՀ նախագահի ուղերձը

1149
0

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով՝ նման կերպ անդրադառնալով ՀՀ վարչապետի կոչին՝ արգելափակել դատարանների ելումուտը:

Նախագահի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այն, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական գործընթացներն անշրջելի են, չպետք է որևէ մեկի մեջ երկմտանք առաջացնի ոչ Հայաստանում, ոչ էլ նրա սահմաններից դուրս:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Հետևաբար, ՀՀ իշխանության ճյուղերը՝ օրենսդիր, գործադիր և դատական, պետք է արտացոլեն Հայաստանի ժողովրդի հավաքական կամքը և ծառայեն իրենց Սահմանադրական նպատակներին։

Ուստի կոչ եմ անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ զբաղեցրած հասարակական ու քաղաքական դիրքից և պաշտոնից՝ պահպանել հանգստություն և հանդարտություն, պահպանել Սահմանադրությունն ու օրենքները։

Այս պահին աշխատանքային այցով գտնվելով արտերկրում՝ անընդհատ կապի մեջ եմ համապատասխան պետական մարմինների հետ:

Հորդորում եմ, որ սթափությունը և հանդուրժողականությունը գերակա լինեն այս օրերին:

Աստված պահապան բոլորիս»:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ առավոտյան արգելափակում են հանրապետության դատարանների ելքերն ու մուտքերը:

«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:

Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,-գրել էր նա:

Ավելի վաղ դատարանը փոխել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: