Գլխավոր Սպորտ Արցախում կայացող CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Աբխազիան հաղթել է Չամերիային

Արցախում կայացող CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում Աբխազիան հաղթել է Չամերիային

843
0

Ասկերանի քաղաքային մարզադաշտում հունիսի 2-ին տեղի է ունեցել CONIFA-ի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկային Աբխազիա-Չամերիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվել է Աբխազիայի հաղթանակով:

Մինչ խաղը հնչել են Աբխազիայի և Չամերիայի հավաքականների պետական օրհներգերը։

Խաղի ընթացքում առաջին գոլը 27-րդ րոպեին խփել է Չամերիայի հավաքականը, այնուհետև 47, 48 և 72-րդ րոպեներին խփած գոլերով Աբխազիան 1-3 հաշվով հաղթանակ է տարել:

Նախքան խաղի մեկնարկը հայրենասիրական երգերով ու պարերով հանդես է եկել «Տնջրե» ավանդական երգի-պարի համույթը:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանն ասել է, որ Ասկերանն առաջին անգամ է հյուրընկալում արտերկրից ժամանած մարզիկների այսպիսի լայն զանգված:

«Անցկացնելով մրցաշարը մեր հանրապետությունում՝ վստահ ենք, որ այն կնպաստի տարբեր երկրների հետ բարեկամական կապերի ամրապնդմանը և խթան կհանդիսանա ֆուտբոլի և զբոսաշրջության զարգացման համար: Այն դրական ազդեցություն կունենա Արցախի սոցիալ- տնտեսական կյանքի զարգացման, մարզամշակութային կապերի ընդլայնման և միջազգային ճանաչման վրա: Բոլոր թիմերին մաղթում եմ ոգևորիչ խաղ և ազնիվ մրցակցություն»,-ասել է նա:

Հանդիպմանը ներկա Աբխազիայի հերոս, հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանն ասել է, որ Արցախում առաջին անգամ է և տպավորված է նրա հյուրընկալությամբ ու կազմակերպվածությամբ:

Նա նշել է նաև, որ ոգևորված է թիմի հաղթական ու հաջողակ մեկնարկային խաղով:

Չամերիայի թիմի դարպասապահ Էդմոնդ Հոխհան էլ ասել է, որ խաղը բավականին հետաքրքիր անցավ և պարտությունը չի հուսահատեցնում նրանց թիմին:

Նա հավելել է, որ տպավորված է Արցախի ժողովրդի հյուրընկալությամբ ու բարությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ֆուտբոլասերներ: