Deutsche Bank-ը առգրավել է Վենեսուելային պատկանող 20 տոննա ոսկի 2016-ին ստացած վարկի մարման ֆինանսական համաձայնագիրը չկատարելու պատճառով, տեղեկացրել է Բլումբերգը՝ հղում կատարելով իրազեկ աղբյուրներին։
Գործակալությունը նշում է, որ ոչ Deutsche Bank-ը, ոչ Վենեսուելայի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը չեն համաձայնել մեկնաբանություններ անել։
Գործակալության տեղեկատվությամբ՝ 2016-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում Վենեսուելան բանկից 750 մլն դոլար վարկ է ստացել եւ 20 տոննա ոսկի տվել որպես գրավ։ Տեղեկացվում է, որ Վենեսուելան չի կատարել համաձայնագրի պայմանները, որի ժամկետը լրանալու է 2021-ին, ինչի կապակցությամբ բանկը որոշել է ժամկետից շուտ դադարեցնել դրա գործողությունը եւ գանձել ոսկին։
Վենեսուելայում արդեն երկար ժամանակ տնտեսական ճգնաժամ է, որը խորացել է երկրի դեմ մտցված ֆինանսական եւ տնտեսական պատժամիջոցներով։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) սպասում է, որ Վենեսուելայի ՀՆԱ-ն 2019-ին կկորցնի 25, հաջորդ տարի՝ 10 տոկոս, գնաճը կանխատեսվում է 10 միլիոն տոկոսի մակարդակում 2019 եւ 2020 թվականներին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։