Գլխավոր Իրավական Տեսնելով, որ վաճառողուհին մենակ է, հանել է դանակն ու փող պահանջել, բայց...

Տեսնելով, որ վաճառողուհին մենակ է, հանել է դանակն ու փող պահանջել, բայց հարձակումն այլ ընթացք է ստացել. մանրամասներ

934
0

Ավազակային հարձակում կատարողը բռնվել էր հենց դեպքի վայրում:

Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսում ավազակային հարձակում էր կատարվել: Մայիսի 31-ին, օրը ցերեկով, մի տղամարդ Դպրոցականների փողոցում գործող հագուստի խանութ էր մտել, հարցուփորձ արել` որ կոշիկն ինչ արժե, եւ երբ համոզվել էր, որ վաճառողուհին մենակ է, դանակի սպառնալիքով, գումար էր պահանջել: Բայց գործն այլ ընթացք էր ստացել. հարձակումը ձախողվել էր:

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից: Հարկավոր էր րոպե առաջ դեպքի վայր հասնել, զարգացումներն անկախատեսելի էին, ամեն վայրկյանը կարող էր ճակատագրական լինել:

Իսկ զարգացումներ, այնուամենայնիվ, եղել էին: Քաղաքացիներն օգնության էին հասել, վնասազերծել հարձակում կատարած 41 ամյա տղամարդուն, որն էլ վայր ընկնելիս վնասել էր դեմքը:

Իրավապահները նրան հիվանդանոց տեղափոխեցին: Բուժօգնություն ստանալուց հետո տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:

Ոստիկանները կասկածյալին բերման ենթարկելով սահմանափակվել եւ գործն ավատված համարել, բնականաբար, չէին կարող: Անհրաժեշտ էր զրուցել խանութի վաճառողուհիների հետ, որոնք, ի դեպ քույրեր էին, պարզել դեպքի հանգամանքները…

Ավազակության փաստով միջոցառումները շարունակվում էին, երբ նույն օրը ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Շիրազի փողոցում, ժամեր առաջ մի կնոջ են կողոպտել: Տուժողը բաժին հրավիրվեց: Ըստ նրա` հանրախանութից գնումներ կատարած դուրս էր եկել, մի տղամարդ թիկունքից մոտեցել էր, ձեռքից բացահայտ հափշտակել դրամապանակն ու փախել: «Կլիներ մոտ 40 տարեկան, միջահասակ էր, ճաղատ»,-ասում էր տուժողը:

Կողոպուտը կատարած անձին եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ իրավապահները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրվեցին հանրախանութի տեսախցիկների տեսագրությունները…

Տեսագրությունների վերծանումը հուշում էր, որ կողոպտողին փնտրելու կարիք չկա: Նա արդեն ոստիկանությունում էր: Շիրակի փողոցում կատարվածը, նույնպես բերման ենթարկված տղամարդու ձեռքի գործն էր: Տեսահսկող սարքերը ֆիքսել էին կասկածյալին եւ նա խոստովանեց, որ ավազակային հարձակումից ժամեր առաջ նաեւ մի կնոջ է կողոպտել:

Քննչական փորձարարության ժամանակ կասկածյալը մանրամասնեց, թե որ դեպքն ինչպես է եղել, նաեւ թաքցրած տեղից ներկայացրեց հափշտակած դրամապանակը:

Դանակն առգրավվել է: Հարուցվել է քրեական գործ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նոր տեսանյութ.