«Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են ներկայացրել քննարկման համար: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են «զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»:
Դեռ երեկ առիթ ունեցել ենք արձանագրել, որ Մամեդյարովի պնդումները խիստ սուբյեկտիվ են ու ավելի շատ հիշեցնում են Բաքվի օրակարգի մեկնություն կամ Մոսկվային ուղղված առևտրի առաջարկ, որի նպատակը 2016-ի Ապրիլյան պատերազմին նախորդող շրջանի ստատուս-քվոյի վերականգնումն է։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը։ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:
«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին՝ այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-նշել է Աննա Նաղդալյանը:
Նախ՝ ուշագրավ է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարին հակադարձում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակը․ սա Երևանի յուրօրինակ դիվանագիտական պատասխանն է Բաքվին, որով իջեցվում է Մամեդյարովի հայտարարությունների քաղաքական արժեքը։ Սա նաև մեսիջ է, որ պաշտոնական Երևանը բովանդակային առումով նոր ասելիք չունի, ինչը ենթադրում է, որ բանակցային գործընթացն իրապես մտել է փակուղի։ Այս հարթության վրա Երևանը Բաքվին մեղադրում է խաղաղ գործընթացը խաթարելու հարցում, ինչը բավականին կոշտ գնահատական է։
Ընդհանուր առմամբ՝ Երևանը ձգտում է ստատուս-քվոյի ինստիտուցիոնալիզացիային, սակայն այս ուղղությամբ գործադրված ջանքերն առանձնապես արդյունավետ չեն․ Դուշանբեի «վերելակային» դիվանագիտությունն այլևս չի աշխատում, սակայն, ըստ ամենյանի, գործնական քաղաքականության մակարդակում այլևս վերադարձ չկա նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին։ Համենայն դեպս, դրանց մասին հիշատակում չկար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարության տեքստում։
Մամեդյարովը, անշուշտ, խեղաթյուրել է վերջին հանդիպման բովանդակությունը կամ ավելի ճիշտ՝ դրա մասին տվել է միակողմանի կամ տենդեցիոզ գնահատական, սակայն Ադրբերջանի ԱԳ նախարարի նպատակը չի էլ եղել բանակցային գործընթացի օբյեկտիվ անալիզը։ Մամեդյարովը, ըստ էության, չի թաքցրել, որ բանակցությունները մտել են փակուղի, ու Բաքուն մտադիր է պատերազմել։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ այդ որոշումն Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն ինքնուրույն կայացնել չի կարող, ինչի մասին օրերս բաց տեքստով հայտարարել էր այդ երկրի պաշտպանության նախարարը։ Հիմա Բաքուն փորձում է ստանալ պատերազմ սանձազերծելու միջազգային լեգիտիմություն՝ ակնհայտորեն ձգտելով Մոսկվայի քարտ-բլանշին։ Երևանում այսօր ակնարկել են, որ հասկացել են Բաքվի թափանցիկ ակնարկը, սակայն ավելի էական է, որ մեր դիվանագիտական ջանքերն ուղղված լինեն ադրբեջանական մտադրությունների արգելափակմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: