2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
Դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։
Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: