Գլխավոր Լուրեր Պատահարներ Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և հրացան

706
0

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Nissan Primera մակնիշի 35 TՍ 044 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաքս-Սարդարապատ գյուղամիջյան ճանապարհին, դեպի Սարդարապատ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել է բետոնե ջրատարին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արմեն Խաչատրյանն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի հրամանատար Կարեն Աբելյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վթարված ավտոմեքենայի մոտ հայտնաբերել են ատրճանակ և «Տիր» տեսակի հրացան, որոնք ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից առգրավվեց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորը Ոստիկանության Զորքերի ծառայող է, իսկ եթե Արմավիրի ոստիկաններն օպերատիվ չժամանեին, չէր բացառվում, որ հետաքրքրասեր քաղաքացիները դեպքի վայրից ատրճանակն ու հրացանը տանեին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: