Վրաստանում Հայաստանի դիվանագետները անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում նշել է Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ պարզաբանում ներկայացնելով Վերին Լարսից Հայաստան ուղևորվող ավտոբուսի դեպքի վերաբերյալ:
«Ինչպես ավելի վաղ հայտնել էինք Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում գիշերը կանգնեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել է ՀՀ երեք քաղաքացի։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները ՀՀ քաղաքացիներին տրամադրել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավտոբուսում հայտնաբերվել է թմրանյութ՝ 149 գրամ կոկաին և 64 գրամ հաշիշ: