Գլխավոր Լուրեր Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, թե «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. Երևանի...

Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, թե «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է. Երևանի ավագանու ԲՀԿ–ական անդամը՝ քաղաքապետարանի խոսնակին

0
1018

Tert.am-ը գրում է․

Եթե ծածուկ չպահեիք, բամբասանքներ չէին լինի: Այս մասին Երևանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Մարկոս Հարությունյան ասաց՝ խոսքն ուղղելով Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, ով մամուլի ասուլիս էր հրավիրել` անդրադառնալու Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվություններին:

«Փաստորեն դուրս է գալիս, որ այն, ինչ բամբասանք էր, իրականություն է։ Եթե իսկապես դուք նպատակադրված էիք հրապարակել ձեր նվիրատվությունները դեկտեմբերին, ապա կարիք չկա այսօր լրագրողներին հրավիրել ու ասուլիս տալ։ Պարո՛ն Կարապետյան, նվերը լավ բան է, բոլորս հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառն այն ծածուկ պահելու»,- ասաց Մարկոս Հարությունյանը և հարցրեց, թե նվիրատվություններն ինչու ավագանու նիստին չեն ներկայացվել:

Ինչ վերաբերում է Հակոբ Կարապետյանի պնդմանը, թե գործարար Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարանին նվերներ չի տվել, իսկ «Կամազ» բեռնատարներ նվիրաբերած «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր սեփականատեր ոչ թե Սամվել Ալեքսանյանն է, այլ մեկ այլ անձ՝ Հայկ Իսրայելյանը, Մարկոս Հարությունյանը ասաց . «Լո՞ւրջ եք ասում, որ չգիտեիք, որ «Ալեքս հոլդինգը» Սամվել Ալեքսանյանին է»:

Արձագանքելով  Հակոբ Կարապետյանը նշեց.«Եթե Ձեր խնդիրն այն է, որ Ձեր հարցը ձայնագրվի և հնչի ու դրա ֆոնին եթերում երևալն է, ապա որևէ խնդիր չեմ տեսնում: Ես Ձեր հարցերին պատասխանել եմ»։ Մարկոս Հարությունյան էլ նշեց, որ թյուրըմբռնում կա և ինքը եթերում երևալու կարիք չունի: «Ինձ այնքան մարդ է ճանաչում, այնքան տեղ եմ երևացել, որ որևէ տեղ երևալու խնդիր չունեմ»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն էլ ավելացրեց, որ ընդդիմության հետ լարված հարաբերություն պետք չէ ունենալ, պետք է կառուցողական լինել։ Այնուհետև ԲՀԿ անդամները հեռացան դահլիճից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանն այսօր հրապարակել է «Կամազ» մակնիշի բեռնատարների նվիրատուների ցանկը։ Ըստ այդմ՝ 14 աղբատար Երևանի քաղաքապետարանին նվիրել է «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ»-ն, 3 բեռնատար՝ «Ալեքս ընդ հոլդինգը»։