Գլխավոր Լուրեր Դատարկ-դատարկ թող չխոսեն, Աբու Դաբիի թագաժառանգը ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով...

Դատարկ-դատարկ թող չխոսեն, Աբու Դաբիի թագաժառանգը ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան, «Զվարթնոցում» ստուգեք. Գագիկ Ծառուկյան

0
702

Tert.am-ը գրում է․

Աբու Դաբիի թագաժառանգն ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում կարող եք ստուգել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկմանը, թե որևէ շեյխ Հայաստան չի ժամանել, այլ եղել է նրա ներկայացուցիչ: Այդ մասին գրառումներ են տարածում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները:

Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացան:

Հայկ Մարությանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասաց նա։

Պատասխանելով Մարությանի դիտարկմանը, թե տեղեկությանը չի տիրապետում, Ծառուկյանը լրագրողներին փաստաթուղթ ցույց տվեց, որը վերաբերում էր հյուրանոցի կառուցմանը և ս.թ. ապրիլի 19-ին ստորագրված էր Հայկ Մարությանի կողմից. «Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես, և երեկ ես կառավարչին հանձնարարել եմ, նա թուղթը ներկայացրել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենքն չէ և հիշի իր խոստումները քարոզարշավի ժամանակ»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ անձնական ոչինչ չունի, սակայն երբ խոսակցություն է լինում ներդրումների մասին, պետք է ներդրողներին հնարավորություն տալ, որ ներդրումներ կատարեն. «Իմ ասածը դա է, թե չէ թղթեր ցույց տալ, որ Տարոնը ստորագրել է, Ծառուկյանը չի տիրապետում, դա ինքը չի տիրապետում, իր ստորագրությունն է: Թող հեռուստացույցը միացնի, իր խոստումները երևանցիներին նայի, որ դոշ ծեծելով ասում էր, թող ինքը նայի, թող խոստումներն իրականացնի, մենք էլ ուզում ենք աջակից լինել, ոչ թե խանգարել: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ, դատարկ չխոսեն, օդանավակայանում նայեն, ապրիլի 26-ին շեյխն իր ինքնաթիռով, 18 հոգով եկել է, մեր գործընկերների մոտ անհարգալից վերաբերմունք է եղել, մարդն էլ ասում է՝ մենք մեր հանդիպումից զգացինք, որ ոչ հաճելի մարդիկ են իր մոտ»:

Հարցին՝ կանոնակարգը չե՞ն պահպանել հյուրերը, Ծառուկյանն ասաց՝ թող դատարկ-դատարկ չխոսեն. «Թագավորը, եթե զանգում է, նա պետք է զանգին պատասխանի, որ բանակցությունները շարունակվում են: Եղել է, ուղղեք, որ այդպիսի բան չկրկնվի»:

Հարցին, թե իսկապե՞ս տեղ չկա Երևանի կենտրոնում հյուրանոց ու հիվանդանոց կառուցելու համար, Ծառուկյանն ասաց, որ անհնարին ոչինչ չկա. «Վթարային շենքեր կան, տարածքներ կան, որ մարդիկ ասում են՝ մենք պատրաստ ենք կրկնակի գնով գնելու, ուզում են մասնակցություն ունենալ, ներդրում կատարել: Ասում է՝ չի եղել նման բան, հետո ասում է՝ եղել է: Նրան ասել են՝ դուք գտեք տարածք: Քաղաքապետն ասում է՝ կիրակի օրով են եկել… ես թողնում եմ ժողովրդի հայեցողությանը»: