Ոստիկանության գրպանահատության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումը հետևողականորեն շարունակում է հայտնաբերել և բերման ենթարկել գրպանահատներին: Դեկտեմբերի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի աշխատակիցների և Կենտրոնական բաժնի ծառայողների մասնագիտական հմտությունների շնորհիվ գրպանահատության ևս երկու դեպք բացահայտվեց:
Առաջին հաղորդումը ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել էր օպերատիվ կառավարման կենտրոնից` դեկտեմբերի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում. Ագաթանգեղոսի փողոցում մի կին նկատել էր, որ ուսապարկից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, վարորդական իրավունքի վկայական, բանկային ու զեղչային քարտեր: Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները Կենտրոն վարչական տարածքում սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Ծավալվող միջոցառումներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները: Եվ իրավապահների հետևողական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 5-ին տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի 43-ամյա մի բնակիչ: Ժամը 19-ի սահմաններում կասկածվողը Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին և տվեց խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է:
Կենտրոն վարչական տարածքում անձնական ունեցվածքի գողության երկրորդ դեպքը դեկտեմբերի 5-ին էր եղել ու հենց նույն օրն էլ բացահայտվեց: Ժամը 19.30-ի սահմաններում թիվ 47 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ էին գողացել, որի մեջ փող ու բանկային քարտեր կային: Գողությունից րոպեներ անց մասնագիտացած ստորաբաժանման ծառայողները Խանջյան փողոցում հայտնաբերեցին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Կապան քաղաքի 21-ամյա մի բնակչի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Գողոնը հայտնաբերվել է: Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: