«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգևորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաև կառավարության նախորդ ծրագրում: Մյուս կողմից, սակայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները ևս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել և այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թևն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեարկելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաև Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:
Այս պարագայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: