Գլխավոր Իրավական Դատախազությունը հայտնում է ոստիկանների ներգրավմամբ հանցավոր սխեմայի բացահայտման մասին

Դատախազությունը հայտնում է ոստիկանների ներգրավմամբ հանցավոր սխեմայի բացահայտման մասին

899
0

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով պարզվել է որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները երկարացնելու հանցավոր սխեմա, որում ներգրավված են ոչ միայն ոստիկանության, այլ նաև բժշկական հաստատությունների աշխատակիցներ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Մասնավորապես, նշված քրեական գործով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս, տեղեկացել է, որ լրացել է Երևան քաղաքի 5 բնակիչների որսորդական զենքերը պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետները: Խախտելով «Զենքի մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ նա կազմակերպել և իրականացրել է այդ ժամկետները օրենքի խախտմամբ երկարացնելու գործընթաց։

Նշված անձինք թույլտվության ժամկետները երկարացնելու գործընթացը կազմակերպելու համար անհրաժեշտ վճարումները կատարելու նպատակով 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ոստիկանության տվյալ աշխատակցին տվել են տարբեր չափի գումարներ: Վերջինս նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, առանց վճարումներ կատարելու, ստանալու համար, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, 2019թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ, ստացել նշված բուժհաստատություններում այդ անձանց հաշվառված չլինելու վերաբերյալ պատասխանները, ապա պատճենները տրամադրել Արմենիա ՀԲԿ պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ նույն պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարը, առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման և սահմանված պարտադիր վճարի գանձման, կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել և կնիքվել են պոլիկլինիկայի ղեկավարի և թերապևտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

Վերջինս այդ անձանց անվամբ կազմել և ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ: Այդ կեղծ փաստաթղթերի միջոցով անձնական գործերի կազմման ընթացքում հիշյալ անձանց անունից որպես պետական տուրք վճարել է ընդամենը 19.200 ՀՀ դրամ, իսկ 95.300 ՀՀ դրամը օգտագործել անձնական կարիքների համար: Ապա, իբր, քննարկելով նրանց դիմումները՝ նա հնարավոր է համարել հիշյալ անձանց թույլտվություն տալը և կազմել է վերջիններիս անվամբ հաշվառված որսորդական հրացանները պահելու և կրելու թույլտվություններ, որոնք բաժնի պետի հաստատումից հետո անձամբ կամ միջնորդի միջոցով հանձնել է նրանց:

Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողը ակնհայտ կեղծ փաստաթղթերի հիման վրա ակոսափող որսորդական հրազեն պահելու և կրելու ժամկետը երկարացնելու թույլտվություններից մեկը կազմել և ստորագրել է ՀՀ-ում չգտնվող անձի անվամբ:

Նկարագրված արարքները կատարելու համար 2020թ. մարտի 10-ին նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել ոստիկանության նշված աշխատակցին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հինգ դրվագ որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

Նման հանցավոր սխեմայի առկայությունը, ինչպես նաև  հանգամանքը, որ նաև անձանց Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պայմաններում են թույլտվության ժամկետները կեղծիքների միջոցով երկարացվել, հիմք է տալիս ողջամտորեն կարծելու, որ նկարագրված ապօրինի մեխանիզմները կարող են կիրառվել կամ կիրառված լինել հանրապետության այլ տարածքներում  ևս:

Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  որսորդական զենք պահելու և կրելու իրավասություն ունեցող անձանց՝ հանրապետությունից բացակայելու ընթացքում կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ չներկայանալու պայմաններում որսորդական զենքեր պահելու, կրելու թույլտվության գործողության ժամկետների երկարացման հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունն ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: