Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունը կհետաձգվի Հայաստանի Հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ դրության պատճառով: Այս մասին հայտնում է ԵՊՀ պաշտոնական կայքը:
«Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը հայտնել է, որ մարտի 23-ին նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր ԵՊՀ ռեկտորը, տեղի չի ունենալու: Ինչպես նշվել է հաղորդագրության մեջ, նիստի չեղարկումը պայմանավորված է ՀՀ կառավարության՝ ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ (Հավելված, կետ 17 և կետ 21): Հետագա զարգացումների վերաբերյալ տրվելու է լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:
«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 64-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: