Գլխավոր Լուրեր Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց դիմակի և ձեռնոցների․ անվտանգության կանոնների...

Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց դիմակի և ձեռնոցների․ անվտանգության կանոնների ուղեցույց

0
758

Արգելվում է առևտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և ձեռնոցների: Այս մասին գրված է պարետի որոշման մեջ, որը վերաբերում է մեծածախ և մանրածախ առեվտրի օբյեկտների գործունեության ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։

Ըստ որոշման՝ մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների տարածքում առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունը ողջ ծավալով կրում է ընկերությունը։

«Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում՝ ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահմանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք, մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը։ 20 քառակուսի մետր և ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն՝ ապահովելով յուրաքանչյուր անձի համար 8 քառակուսի մետրից ոչ պակաս տարածք, իսկ մինչև 20 քառակուսի մետր մակերես ունեցող առևտրի օբյեկտներում` միաժամանակ առավելագույնը 2 անձի ներկայություն»,- ասվում է անվտանգության կանոնների ուղեցույցում։

Վճարման, վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ գծանշում պետք է իրականացվի՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով:

Ուղեցույցի համաձայն ՝ առևտրի օբյեկտներում աշխատող անձնակազմի այն անդամները, ովքեր ուղղակի շփում ունեն հաճախորդների հետ, պարտադիր պետք է կրեն դիմակ և ձեռնոց: Դիմակները փոխվում են 3-4 ժամը մեկ:

«Դռները, բռնակները, վերելակների սեղմակները, շարժասանդուղքների բազրիքներն ախտահանվում են 2 ժամը մեկ պարբերականությամբ: Տարածքը պարտադիր օդափոխվում Է: Ցանկալի է իրականացնել տարածքի բնական օդափոխություն՝ հաճախակի բացելով դռներն ու պատուհանները, դրա անհնարինության դեպքում՝ օդափոխություն իրականացնել օդորակիչների միջոցով: Ապահովվում է ապրանքափոխադրող տրանսպորտային միջոցների սրահի ամենօրյա մաքրում, շփման մակերեսների պարտադիր մշակում ախտահանիչ նյութերի կիրառմամբ»,- նշվում է ուղեցույցում։

Մեծածախ և մանրածախ առևտրի օբյեկտների անձնակազմերի համար նախատեսված կանոնների համաձայն՝ յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը պետք է չափվի օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ։ Պետք է ապահովված լինեն պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար: Աշխատավայրում անհրաժեշտ է ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների առկայություն:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից սկսած տեղարշարժի թերթիկի անհրաժեշտություն այլևս չկա, հանվել են նաև տնտեսական գործունեության գրեթե բոլոր տեսակների վերաբերյալ սահմանափակումները: Մայիսի 4-ից գործում են բացօթյա ռեստորանները, սրճարանները: Անհատական ծառայությունները, որոնց խմբում են լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցները և գեղեցկության սրահների գործունեությունը նույնպես թույլատրված են: