Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ամենամեծ ձախողումը

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության ամենամեծ ձախողումը

0
882

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության 2019 թվականի ամենամեծ ձախողումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկման ընթացքում ունեցած ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարության 2019 ամենամեծ ձախողումը Հայաստանի Հանրապետության ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել։

«Եվ ես պետք է խոստովանեմ, որ մենք այդտեղ ունենք անհաջողություն։ Այդ անհաջողությունը ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ։ ՀՔԾ-ն 2019 թվականին պետական բյուջե է վերադարձել 7 անգամ ավելի շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում։ Եվ ազգային անվտանգության ծառայությունը, և քննչական կոմիտեն, և ոստիկանությունը նախկինի համեմատ պետական բյուջե վերադարձված գումարների թվերը տասնապատկել են, բայց միևնույնն է, ես համարում եմ, որ մենք այս ոլորտում, կոռուպցիայի դեմ պայքարում ունենք անհաջողություններ»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ այդ անհաջողություններն ունեն մի քանի շերտեր․

«Առաջինը՝ ուզում եմ լիարժեք խոստովանել, որ մեր դատաիրավական համակարգում կան նվիրյալ, բարձր պրոֆեսիոնալներ։ Եվ այն նախադրյալները, որոնք մենք ունենք,  այդ բարձր պրոֆեսիոնալների շուրջօրյա աշխատանքների շնորհիվ են։ Ես նախկինում չեմ ասել, որովհետև ցանկացել եմ համոզված լինել, նոր ասել,  բայց ես ասում եմ, որ մեր դատական համակարգում, իրավապահ համակարգում կան բարձր պրոֆեսիոնալ նվիրյալներ, որոնք ոչ թե լոյալ կամ ոչ լոյալ են որևէ կառավարության կամ որևէ իշխանության նկատմամբ, այլ  նվիրված են իրենց աշխատանքին։ Ես հիմա չեմ ասի, թե նրանք ինչ տոկոս են կազմում ընդհանուր ֆոնը չփչացնելու համար, բայց մեր դատական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և կան դավաճաններ։ Եվ դա մեզ համար լրջագույն խնդիր է։ Մեր դատաիրավական համակարգում կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են՝ պայմանականորեն, բայց մտքով․․․»,- ասաց վարչապետը։

Նրա խոսքով՝ չնայած կոնկրետ արդյունքներ չկան,  բայց 100 տոկոսով համոզված է, որ ընթացող քննությունների արդյունքներով 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ Հայաստանում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը՝ իր բոլոր ճյուղերով, բոլոր գործող անձանցով, բոլոր մեխանիզմներով, ամբողջ դրամաշրջանառությամբ։ «Համոզված եղեք՝  բոլոր կոռուպցիոներները կկանգնեն պատասխանատվության առաջ և Հայաստանի ժողովրդից գողացված գումարը կվերադարձվի։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև այն փաստի կապակցությամբ, որ  Ազգային ժողովն  ընդունել է ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, և մենք առաջիկայում կունենանք բավարար գործիքակազմ ժողովրդից գողացվածը հետ բերել ոչ միայն քրեական, այլ նաև քաղաքացիական ընթացակարգերով»,- եզրափակեց վարչապետը։