Գլխավոր Քաղաքական Դատավորի աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, կթվայնացվեն մի շարք գործեր. Բադասյանը՝ դատական համակարգի...

Դատավորի աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, կթվայնացվեն մի շարք գործեր. Բադասյանը՝ դատական համակարգի բարեփոխման մասին

0
1315

Վերջին 2 տարիների ընթացքում դատավոր դառնալու այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են թեստավորման փուլը եւ ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ ընդհանուր թիվը կազմում է 30, որը ցածր թիվ է եւ դա վկայում է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չի։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ իրենց խնդիրն է ներկայացնել, թե ինչպես են ազատվելու վատ դատավորներից. «Գիտենք, որ աշխարհում եղել են վեթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է՝ ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ եւ վակուում է առաջացել, քանի որ երկրում ընդհանրապես դատարան չի եղել։ Թացն ու չորն էլ իրար հետ խառնված՝ վատ մասնագետների հետ՝ 10 անարդարների հետ 10 արդարին էլ են դուրս մղել»։

Բադասյանն ասաց, որ կարեւոր չէ՝ ով է լքելու դատական համակարգը, այլ կարեւոր է, թե ով է համալրելու դատական համակարգը.

«Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը՝ Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում, ունենք 7 թափուր հաստիք։ Վերջին 2 տարիների ընթացքում այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են թեստավորման փուլը եւ ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում՝ ընդհանուր թիվը կազմում է 30, նրանց մի մասն էլ ուսումնառությունը դեռ չի ավարտել։ Դա, կարծում եմ, ցածր թիվ է եւ դա վկայում է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չի։ Գրավչության բարձրացման եւ փոփոխություններ իրականացնելու կարեւոր փոփոխությունը արժանի աշխատավարձն է։ Դատական դեպարտամենտը մեր հորդորով ներկայացրել է դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ, որը ենթադրում է, որ 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, եթե ընդունվի կառավարության կողմից, 2021 թվականին՝ 60 տոկոսով, 2020 թվականին՝ 70 տոկոսով։ Առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար։ Եթե 2020 թվականի աշխատավարձերի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի 991 հազար դրամ, 2021 թվականին 1 միլիոն 57 հազար, եւ 2022 թվականին՝ 1 միլիոն 123 հազար»։

Վարչապետի դիտարկմամբ՝ աշխատավարձերի թեման նուրբ է հատկապես ճգնաժամային պայմաններում, որն էլ տարակուսանքի տեղիք է տալիս. «Մի անգամ Կառավարության նիստում արել եմ այդ հայտարարությունը, հիմա էլ եմ անում. այդ աշխատավարձերի բարձրացումը, կոնկրետ դատավորների, արվում է ոչ այնքան դատավորների համար, այլեւ արվում է այն բազմահազար քաղաքացիների համար, ովքեր այսօր վարչապետին, նախարարին, Կառավարությանը նամակ են գրում՝ գույքը ձեռքիցս վերցրին, դատարան դիմեցի՝ տարիներով քաշքշուկ է, տենց անարդար ձեւով լուծվեց, մեկն ասում է՝ երեխայիս անարդար ձեւով դատապարտեցին ազատազրկման»։

Նախարար Բադասյանն ասաց, որ բարեփոխումներից է նաեւ թվայնացման պրոցեսը, որը հեշտացնում է դատավորի աշխատանքը.

«Կարելի է ասել՝ զրոյից ենք սկսում, որովհետեւ թվայնացման մասով ունենք համակարգեր, բայց էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը եւ դատական ակտի՝ համակարգից դուրս հանումը թվայնացված չէ։ Վճարման կարգադրությունների պրոցեսն ամբողջությամբ թվայնացված է եւ փորձարկվում է Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում։ Արդեն դա աշխատում է։ ԲԴԽ ներկայացուցիչները մտավախություն ունեին, որ տարիքով ավագ դատավորները դժվարություն կունենան, սակայն այդ դժվարությունն էլ կարելի է հաղթահարված համարել։ Եթե անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, դատարանն իր վարույթում կարող է ունենալ 2000 կամ 3000 գործ։ Եթե դատավորը կրճատի իր ժամանակն այդ գործիքների վրա, նա կկարողանա ուշադրություն դարձնել արդեն այն վեճերին, որտեղ իրավունքների խախտում կա եւ այդքան դատական նիստերի հետաձգում չի լինի»։

Թվայնացում կլինի նաեւ Սնանկության գործերի վերաբերյալ. «Արդեն տեխնիկական պահանջները հաստատված են եւ մրցույթում հաղթող կա։ Սնանկության պրոցեսն էլ սկզբից մինչեւ վերջ կրկին թվայնացված կլինի։ Այս պահին աշխատում է ավտոմատ սնանկության կառավարիչներին ընտրելու համակարգը, այսինքն՝ դա էլ ամբողջությամբ ատոմատացված կունենանք։ 2022 թվականը որպես վերջնաժամկետ ենք համարում»։

Ռուստամ Բադասյանը հայտնեց նաեւ, որ ԲԴԽ-ն առաջարկել է 6-ով ավելացնել Վարչական եւ Վերաքննիչ դատարանների դատավորների թիվ, 6-ով Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը, ըստ նախարարի, որոշակի ծանրաբեռնվածության թեթեւացման կբերի։