Գլխավոր Քաղաքական Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում. Արթուր Ղազինյան

Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում. Արթուր Ղազինյան

0
935

Գաղտնիք չէ, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճանապարհին եւ նրանք նպատակ ունեն ոչնչացնել Հայկական պետականությունը եւ ցամաքային կապ ստեղծել միմյանց միջեւ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս նպատակից նրանք չեն հրաժարվել եւ կանեն ամեն հնարավորը դա իրագործելու համար։ Հարցն ունի գոյաբանական նշանակություն, որը երկարաժամկետ կտրվածքով ձեւակերպված է «կամ մենք, կամ իրենք» հիմքի վրա։

Ադրբեջանի ու Թուրքիայի առջեւ դրված այս խնդրի լուծումը հնարավոր է երկու տարբերակով. պատերազմով եւ ներքին կազմաքանդման միջոցով։

Ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում պատերազմը դիտարկվում է ոչ արդյունավետ միջոց, քանի որ Հայաստանի անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ եւ ցանկացած փորձ լուծել իրենց խնդիրը կհանդիպի նախ Ռուսաստանի, ապա այլ աշխարհաքաղաքական հակազդեցության։

Այս հանգամանքին եթե հավելենք նաեւ այն փաստը, որ 90-ականներին պատերազմով խնդիրը լուծելու փորձը ավարտվեց Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ, ապա պարզ կդառնա, որ ռազմական ճանապարհով Հայաստանի խնդիրը լուծել հնարավոր չի լինի։

Պետք է փնտրել այլ լուծումներ Հայաստանի ներսում խնդիրներ ստեղծելու համար, որի արդյունքում կտապալվի եւ կձախողվի պետության ազգային բաղադրիչը, կապահովվի ներքին դիմադրողունակության թուլացումն եւ պետության նկատմամբ հավատի, վստահության եւ նվիրումի սպառումը։

Հայաստանի ներքին կյանք ներթափանցելու միակ հասանելի խողովակը դա արտասահմանյան հիմնադրամներն են, որոնց սեփականատերերի հետ պայմանավորվելուց հետո այդ հիմնադրամները եւ նրանց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները, լրատվականներն ու փորձագետները կթիրախավորեն պետական կարգի եւ ազգային ինքնության հենասյունները, իսկ երկարաժամկետ ու հետեւողական թիրախային հարվածների պարագայում ազգային պետությունը անխուսափելիորեն կկործանվի։

Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստ կլինեն վճարել այս խնդրի լուծման համար, պայմանական 500 միլիոն դոլար, որից միջազգային մասնավոր հիմնադրամը ծրագրի մեջ կներդնի 300 միլիոնը՝ ստանալով 200 միլիոն շահույթ։

Միջազգային մասնավոր հիմնադրամները՝ մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ մամուլի, բաց հասարակության եւ այլ գրավիչ գաղափարների քողի ներքո կհավաքագրեն հազարավոր վարձկաններ, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար պատրաստ կլինեն այդ փողի դիմաց մատուցել պահանջվող ծառայությունները։

Ազգային պետության անկումից հետո իշխանության կգան այս ֆոնդերի շահառուները՝ կոնկրետ ծրագրերով ու նպատակներով, իսկ մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։

Նոր իշխանությունը իրավասություն կունենա բանակցել Արցախի հարցում եւ գնալ այնպիսի զիջումների, որոնց ազգային պետությունը երբեք եւ ոչ մի պարագայում չէր գնա։ Նոր իշխանությունը, գեներացնելով ու սնուցելով աննախադեպ ատելություն ու թշնամություն, կպառակտի հասարակությունը, կկիսի այն հակամարտող ճամբարների, կկազմաքանդի ուժային կառույցները, կվարկաբեկի ու կարժեզրկի հաղթանակները, հաջողությունները, ձեռքբերումները, ինչպես նաեւ այդ գործընթացում ներգրավված բոլոր նշանավոր մարդկանց՝ մեղադրելով նրանց թալանի ու կոռուպցիայի մեջ, սպանությունների ու ավազակությունների մեջ՝ չկարողանալով ապացուցել գեթ մեկ դեպք։

Ատելության ու թշնամության էլ ավել գեներացման, հակամարտող ճամբարների ձեւավորման պարագայում մենք կկանգնենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջեւ, իսկ ներքին հակասությունների աշխարհաքաղաքական երանգավորման դեպքում անխուսափելիորեն կհայտնվենք Սիրիայի կարգավիճակում։

Ներքին անկայունությունը պարարտ հող կստեղծի արտաքին միջամտության համար եւ

Հայաստանում կբախվեն աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային գերտերությունների շահերը, որը պարտադիր կերպով կուղեկցվի ռազմական ինտերվենցիաներով եւ պրոքսի պատերազմներով։

Հավատացնում եմ, որ այդ դեպքում մեր հողում կհայտնվեն ադրբեջանական, իրանական ու թուրքական զորքերը, որոնք բախման մեջ կմտնեն ռուսական զինված ուժերի հետ, քանի որ Ռուսաստանը մեզ երբեք եւ ոչ մի պարագայում չի թողնի։ Չի թողնի ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում հայերին, այլ Հայաստանը գերակա կարեւորություն ունի Ռուսաստանի համար նախ իր տարածքային ամբողջականության, ապա հարավային կովկասում եւ մերձավոր արեւելքում ընթացող քաղաքական եւ տնտեսական գործընթացների վրա ազդեցություն պահելու նպատակով։

Իրադարձությունների զարգացման նշված սցենարը լիովին տեղավորվում է միջազգային մասնավոր հիմնադրամների ղեկավարների, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի մեջ, իսկ որպես հետեւանք տուժելու ենք միայն մենք, հայերս։

Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացները ամբողջությամբ բացատրում եւ ի ցույց են դնում մեր պատմության ողբերգական բոլոր էջերի պատճառները, որի միակ եւ հիմնական մեղավորը եղել եւ լինելու ենք մենք։

Սա ընդամենը իրադարձությունները զարգացման սցենար է, որն ունի իրականություն դառնալու մեծ հավանականություն։

Այս սցենարի զարգացումը կանխելու միակ հասանելի միջոցը ներքին միասնությունն ու համաձայնությունն է, ապագայի գաղափարի շուրջ համախմբումն ու պետության հզորացումը։ Պետք է կանգ առնել, հետադարձ հայացք նետել եւ վերիմաստավորել անցյալը, գնահատել եւ արժեւորել այն, գծել հաստ գիծ եւ շարժվել առաջ։

Ժամանակ այլեւս չունենք, պետություն ենք կորցնում»: