Գլխավոր Տնտեսական Մինչև այժմ եղած վարկն այնքան էլ հարմար չէ ՀԱԷԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար....

Մինչև այժմ եղած վարկն այնքան էլ հարմար չէ ՀԱԷԿ-ի գործունեությունը կազմակերպելու համար. վարչապետ

142953
0

«Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկրաձգում» ծրագրի նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրեց 63,2 միլիարդ դրամի վարկ: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ վերը նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015 թվականի փետրվարի 5-ին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել: Խոսքը 300 միլիոն դոլարի մասին է, որից 270 միլիոն դոլարը վարկ է, իսկ 30 միլիոնը՝ դրամաշնորհ։
«Արդեն 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման բանակցություններ են սկսվել: Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն այժմ առավել նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է ՀՀ բյուջեից տրամադրել 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:
«Փաստորեն, ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, աներկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակները՝ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքների գները կլինեն էականորեն ցածր», – ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել: «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլեւ էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձևակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց նա: