Գլխավոր Քաղաքական Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա.Վանեցյան

Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա.Վանեցյան

0
987

news.am-ը գրում է․

Իշխանությունները եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը ցանկացած քաղաքական ուժի, ցանկացած անհատի, որը փորձում է իրենց քննադատել, անմիջապես կապում են նախկինների հետ: Այս մասին Հրազդանում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացումից հետո կուսակիցների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Նույնն էլ եղավ իմ պարագայում, երբ ես հրաժարական տվեցի ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Իրականությունն այն է, որ իշխանությունները չունեն այլ եղանակ իրենց ապիկարությունն ու ապաշնորհությունը հիմնավորելու համար: Ամեն ինչ գցում են նախկինների վրա: Աանգամ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հստակ բաժանումներ է լինում հասարակության մեջ: Ասում է՝ կա մի խումբ, որն ուզում է շուտ հաղթահարենք կորոնավիրուսը, եւ կա մեկ այլ խումբ, որը չի ուզում:

Կա՞ այնպիսի մի մարդ, ով չի ուզում, որ այս վիրուսը շուտ ավարտվի, եւ մարդիկ անցնեն իրենց բնականոն կյանքին` իհարկե չկա: Բայց տեղի են ունենում արհեստական բաժանումներ մեր հասարակության մեջ, որը տանում է դեպի սեւերի եւ սպիտակների բաժանման»,- ասել է Արթուր Վանեցյանը:

Ըստ նրա` պետության բարելավման ճանապարհը պետք է լինի միասնությունն ու համակարգված գործընթացները, սակայն այսօր, այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունն այլ է. «Կա մի հայ ազգ, մի հայրենիք, մի պետություն եւ պետական շահ, որի շուրջ բոլորս պետք է համախմբվենք, դա է ինձ համար ամենակարեւորը: Ես դուրս եմ եկել մի պաշտոնից, դիրքից, երբ ունեի անսահմանափակ լիազորություններ, եւ դրանք ավելի լայնացնելու տարբերակ, սակայն իմ հրաժարականի տեքստում էլ եմ ասել, որ այդ հրաժարականը թող լինի կանգառի սթափեցնող քայլ, բայց մենք տեսանք, որ ոչ մի սթափեցնող քայլ էլ չեղավ իշխանությունների համար, նրանք սկսեցին ավելի վատ զարգացումներ իրականացնել»:

Վանեցյանի խոսքով` վերջին օրերի ընթացքում քաղաքական դաշտն ակտիվացել է, եւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին սկսել են խոսել բոլորը, դա դարձել է հանրության օրակարգային հարցերից մեկը:

«Այդ օրակարգը պետք է ամրապնդվի եւ առաջ մղվի: Այդ օրակարգի շուրջ պետք է քաղաքական ուժերի համաձայնություն եւ լայն կոնսոլիդացիա»-ասաց նա:

Անդրադառնալով իրենց առաջիկա անելիքներին, Արթուր Վանեցյանն ասաց. «Կարծում եմ առաջիկայում հասնելու ենք մեր այն պահանջին, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա, քանի որ նա ձախողել է բոլոր ուղղություններով: Կորոնավիրուսի դեմ պայքարը ցույց տվեց, որ իշխանությունները չեն կարողանում ճգնաժամային իրավիճակներում կառավարել երկիրը: Այո, կորոնավիրուսը համաշխարհային աղետ է, բայց մեր հարեւան երկրները ճիշտ եւ հերթական քայլեր անելու արդյունքում ունենում են շատ քիչ վարակակիրներ, արդեն հաղթահարել են, բացում են սահմանները, սկսում են աշխատել տնտեսությունը, իսկ Հայաստանը մտցրել են սեւ ցուցակի մեջ, այսինքն այն երկրների, որտեղ կորոնավիրուսային ինֆեկցիան շարունակում է, դա ազդելու է յուրաքանչյուրիս կյանքի վրա»:

Նրա խոսքով` սխալ է կորոնավիրուսի հանգամանքը առիթ դարձնել իշխանություններին քննադատելու համար, բայց ինչպես նշում է Արթուր Վանեցյանը, կորոնավիրուսը ցույց տվեց, որ սա կատալիզատոր էր այս իշխանությունների հնարավորություններն ի ցույց դնելու համար: