Գլխավոր Դեսից-դենից «Արևի երանգները» կամ գույնզգույն մազերով հայ աղջիկների մասին: Ինչո՞ւ են նրանք այդպես...

«Արևի երանգները» կամ գույնզգույն մազերով հայ աղջիկների մասին: Ինչո՞ւ են նրանք այդպես ներկում իրենց մազերը

2748
0

Բոլորիս շրջապատում կան տարբերվող ու հետաքրքիր արտաքին ունեցող մարդիկ, ովքեր առանձնանում են իրենց մտածելակերպով, աշխարհայացքով, հոգեբանությամբ, ունեն յուրօրինակ մոտեցում կյանքի հանդեպ։ Այսպիսի մարդիկ իրենց վառ անհատականությունը սիրում են ընդգծել մազերի վառ և անսովոր երանգով։ Տարեցտարի ավելանում են գույնզգույն մազերի սիրահարները, որոնք առանց վախի և կասկածի դիմում են էքսպերիմենտի և գունափոխում իրենց բնական մազերը, ինչից հետո ստանում են իրենց երազած երանգը։

Երևանում զբոսնելիս, ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «Արևի երանգների», որոնք իրենց մազերի վառ գույնով, արևի նման լուսավորում են անգույն և միանման ամբոխը։

Մեր հերոսուհիները պատասխանել են մեզ հետաքրքրող հարցերին, նոր երանգ ունենալու որոշման, շրջապատի ու հարազատների կարծիքների և այլնի մասին։

֊ Ե՞րբ և ինչպե՞ս եք որոշել փոխել Ձեր մազերի երանգը։

֊Մազերս սկսել եմ ներկել 12 տարեկանից, լվացվող ներկով, այն ինձ շատ էր դուր գալիս և անհամբեր սպասում էի, թե երբ պիտի սկսվեր դպրոցի մեկ շաբաթյա արձակուրդը, որ նորից ներկեի։ Դպրոցը ավարտելուց հետո պատրաստվում էի արվեստի քոլեջ ընդունվել, ու հասկացել էի, որ ինձ էլ ոչինչ չի խանգարի, ես կունենամ խայտաբղետ մազեր, ինչը չէի կարող ունենալ դպրոցում։

Մանե Մելոյան

֊ 2018 թվականի աշունն էր։ Զգացի, որ ինձ որևէ փոփոխություն է հարկավոր։ Հոգնել էի իմ հին կերպարից, ու, քանի որ ներքուստ էլ որոշել էի փոխվել` ցանկություն առաջացավ արտաքինս էլ փոխել, որ խոսեն միմյանց հետ ներքինն ու արտաքինը։

Արփի Նուրիջանյան

֊ Միշտ երազում էի ինչ֊որ տարբերվող բան անելու մասին։ Մոտ 3 ամիս առաջ էր, մազերս ներկեցի, ստացվեց։ Իմ մազերի նոր գույնը ինձ շատ դուր եկավ։ Այդպես էլ չփոխեցի այն։

Սրբուհի Հախինյան

֊ Անցած ամռանը որոշեցի փոխել մազերիս գույնը։ Ճիշտն ասած, հանկարծակի ստացվեց, բայց միշտ ցանկացել եմ փոխել այն։

Էժենի Եդիգարյան

֊ Հեշտ էր արդյո՞ք հրաժարվել մազերի բնական երանգից։

֊Այո, հեշտ էր։ Ես շատ էի հրապուրվում գունավոր մազեր ունեցող մարդկանցով ։ Այն փոքր ժամանակվանից ինձ համար երազանք էր դարձել:

Մանե

֊ Այո։ Ինձ համար բավականին հեշտ էր։

Արփի

֊ Բնական գույնից հրաժարվել եմ շատ հեշտ։ Որևէ բան անելուց առաջ չեմ սիրում շատ մտածել, քանի որ ընթացքում առաջանում են «բայց»֊եր, ինչը` չեմ սիրում։

Սրբուհի

֊Այո, բավականին հեշտ էր։ Միշտ, առանձնահատուկ համակրանք էի տածում շիկակարմիր մազերի երանգի հանդեպ, ու երբեմն նեղվում էի, որ հենց այդ գույնով
չեմ ծնվել, բայց, այսպես ասած` վարսահարդարս ուղղեց այդ «սխալը»։

Էժենի

֊ Ինչպե՞ս է արձագանքել շրջապատը այդ փոփոխությանը։

֊Բացի մազերից, ես նաև ունեի արտասովոր հագ ու կապ։ Հագնվում էի վառ, գունավոր֊գծավոր զուգագուլպաներ, շրջազգեստ, բարձր կոշիկներ։ Հաճախ մարդիկ շրջվում էին, որպեսզի ուշադիր զննեին ինձ։ Շատերը բարձր ծիծաղում էին, կամ փորձում հնարավորինս բուռն ռեակցիա տալ իմ կերպարին։

Մանե

֊Ոմանք հավանություն էին տալիս, ոմանք` ոչ։ Ոմանք ասում էին, որ նոր գույնը ինձ տարիքով մեծացրել է, ոմանք էլ հակառակն էին ասում։

Արփի

֊ Սկզբում հայրս զայրացել էր։ Իմ բացատրություններից հետո սկսեց նորմալ վերաբերվել։ Շրջապատում շատ էին հավանում։ Եղել է նաև, որ դրական կարծիքը չարտահայտեին։ Նաև ասոցացվում էր էմոների հետ։

Սրբուհի

֊ Բոլորի համար շոկ էր, տեսնելիս ծանոթներս չէին ճանաչում։ Բարեբախտաբար ծնողներս բավականին շուտ ընտելացան այդ փաստին։ Արձագանքները ծայրահեղ տարբեր էին` ծայրահեղությունից ծայրահեղություն։ Ոմանց շատ էր դուր գալիս, իսկ ոմանք էլ` ինչ համարձակն ես։ Մի խոսքով մեկ տարի անց ես դեռ չեմ հանգստացել այդ արձագնքներից ու կարծիքներից։

Էժենի

֊Երբևէ զղջացե՞լ եք այդ փոփոխության համար։

֊ Ոչ, չեմ զղջացել, քանի որ վերջապես գտա ինքս Ինձ, դարձա այնպիսին`ինչպիսին իմ մտքերն են։ Ինձ շատ երջանիկ էի զգում, քանի որ չունեի շաբլոն ու միատոն տեսք։

Մանե

֊Ես ուրախ եմ, որ կարողացա հրաժարվել հնից։

Արփի

֊Ես առհասարակ ոչնչի համար չեմ զղջում։ Սխալվելուց կոփվում ենք, ճիշտ գործելուց` իմաստուն դառնում։

Սրբուհի

֊Ոչ իհարկե, չեմ զղջացել։ Այսպես ինձ ավելի իրական եմ զգում, կարծես հոգուս եմ նմանվել։

Էժենի

 

Նյութը՝ Մարիամ Սարգսյանի