Գլխավոր Լուրեր Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է. կա 250 հազար վարակված. Հրանտ...

Այս պահին աշխարհում ՀՀ-ն ամենասարսափելի իրավիճակում է. կա 250 հազար վարակված. Հրանտ Բագրատյան

0
1564

Պետք է հասկանանք վիճակի սարսափելիությունը, որն այսօր գոյություն ունի։ Այս մասին այսօր՝ հունիսի 17–ին, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի նախաձեռնած «Կորոնավիրուսային ճգնաժամը, դրա հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքները․ գնահատականներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Երեք հարցի վրա կուզեի ուշադրությունը հրավիրել։ Առաջինը՝ կորոնավիրուսի խորությունն ու տնտեսական հետեւանքները, երկրորդ՝ ի՞նչ է անում կառավարությունը, եւ երրորդ՝ ՞ինչ է վաղը մեզ սպասվում։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել մի շատ վատ լուրի մասին, իմ կարծիքով Հայաստանում այս պահին երեւի աշխարհում ամենասարսափլի իրավիճակն է։ 100 հազար մարդուն հաշվո մենք վարակվածների թվով անցանք 600–ը, սա պաշտոնական գրանցվածն է, չնայած արդեն կառավարության ղեկավարն ասաց 100 հազար, այսօր Հայաստանում կա 250 հազար վարակված մարդ, վերջին 2 օրերին թվերն իջեցնում են, որովհետեւ թեստ չունեն, թեստ չեն անում։ 176 երկրների մեջ 166–րդ տեղում ենք, Քուվեյթը, Պերուն կան մեզանից վատ, բայց սա դեռ չի նշանակում, որ մենք իրենցից լավ ենք, մենք աշխարհում ամենացածր տոկոսն ունենք բուժվածների, այսօր դա կազմում է 37.2 տոկոս»,– ասաց նա։

Բագրատյանի խոսքով՝ բուժում որպես այդպիսին իրականում չկա. «Ձեզ տանում են 3 հիմնարկներից մեկը, օրինակ՝ Նորքի ինֆեկցիոն, լավագույն դեպքում միջանցքում տեղ լինի, դուք կպառկեք ե՛ւ առաջին ե՛ւ երկրորդ գիշերը. բժիշկը մոտենում է եւ ասում՝ դու այստեղ ի՞նչ ես անում, թող գնա տուն, մենք այստեղ ոչ մեկին էլ չենք բուժում։ Նման դեպքերը կենսաբանական հետեւանքներ են թողնում մարդկանց վրա, օրինակ երիտասարդ մարդիկ անպայման հիվանդանում են դիաբետով դրանից հետո, այսինքն, երբ թեթեւ են տարել եւ իբրեւ բուժվել են։ Իրականում կորոնավիրուսը պետք է կարողանալ բուժել, որպեսզի այդ հետեւանքները չթողնի»։

Բագրատյանի խոսքով՝ կառավարությունն այսօր սխալ մեսիջ է ուղարկում, թե իբր դիմակ կրելու մեջ է խնդիրը, նա ներկայացրեց 4 երկրների վիճակագրություն. «Այս 4 երկրները, որոնք կարանատին չեն ունեցել, մեծ պատուհաս դարձան իրենց ազգի գլխին, սրանք բոլորը դատվելու են՝ Լուկաշենկոն էլ, Շվեդիայի վարչապետն էլ, ԱՄՆ–ի եւ Բրազիլիայի նախագահներն էլ, իսկ ի՞նչ պետք է անել Հայաստանի կառավարության հետ, որը 4–րդ ամիսն է՝ մեզ պահում է արտակարգ դրության մեջ, երբ պետք էր պահել 1 ամիս հստակ կարանտինային միջոցառումներ, ինչպես արեցին Վրաստանը, Թուրքիան»։

Բագրատյանը խոսեց նաեւ քաղաքացիների մոտ պարտադիր անձը հաստատող փաստաթղթի մասին եւ մի օրինակ բերեց. «10 հազար դրամ տուգանում են, եթե մոտդ անձը հաստատող փաստաթուղթ չկա։ Մի բարեհամբույր ոստիկան ինձ կանգնեցրեց, դե չի ճանաչում դիմակով, հանում եմ քարտը ցույց տամ, ասում եմ՝ բայց ես կասկածում եմ, որ կարող է կորոնավիրուսով վարակված լինեմ, չի վերցնում քարտը, ասում եմ՝ բայց պարտավոր ես վերցնել, վերցրու, հիմա քարտս վերցրել է, դրանից հետո ուզում է ինձ տա, ասում եմ՝ չեմ ուզում վերցնել, կասկածում եմ. երեկ մասնակցո՞ւմ էիր այդ ձերբակալություններին, ասում է՝ հա, ասում եմ՝ կասկածում եմ, որ դու կորոնավիրուսով վարակված ես։ Ինչքա՞ն խելք է պետք այսպիսի որոշում կայացնելու համար, այդ քարտերը ձեռքից ձեռք փոխանցելը եռապակտում է վարակման հնարավորությունը։ Ո՞վ է այս որոշումներն ընդունում, ո՞վ է այս մարդկանց բերել իշխանության։ Ուզում եմ հարց տալ կառավարությանը, դուք պատկերացնո՞ւմ եք հաղթահարել այս համաճարակն առանց կարանտինի, 4–րդ ամիսն է արտակարգ դրության մեջ ենք, կարանտին չկա, ինչի՞ համար է արտակարգ դրությունը, եթե կարանտին չկա. միայն նրա համար, որ քաղաքական ելույթներ չլինեն համակարգի դեմ»։