Գլխավոր Պաշտոնական Չեմ կարողանալու մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը՝ Պուտինին

Չեմ կարողանալու մասնակցել Հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին. Փաշինյանը՝ Պուտինին

173831
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ տեղեկացնում է, որ չի կարողանա մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Նամակում ասվում է.

«Հարգելի պարոն նախագահ,  ափսոսանքով պետք է հայտնեմ Ձեզ, որ չեմ կարողանալու մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Ինչպես գիտեք, ես մեծ սիրով ընդունել էի հանդիսավոր արարողություններին մասնակցելու Ձեր հրավերը: Սակայն, ինչպես հետագայում պարզվեց, գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս ինձ իրականացնել այդ ուղեւորությունը:

Ելնելով դրանից՝ ես որոշեցի ձեռնպահ մնալ Մոսկվա կատարելիք իմ այցից, ինչը, ինչպես տեղյակ եք, մանրամասն քննարկվել եւ համաձայնեցվել է մեր աշխատակազմերի միջեւ:

Ինձ համար մեծ պատիվ կլիներ ներկա գտնվել հոբելյանական շքերթին: Վստահ եմ՝ մեր երկրների միլիոնավոր քաղաքացիներ հետեւելու են այդ հանդիսավոր միջոցառմանը՝ մտովի գնալով հեռավոր 1945 թվականը, երբ մեր պապերը հպարտ քայլով անցնում էին Կարմիր Հրապարակով: Հաղթանակը Հայրենական Մեծ պատերազմում մեր ընդհանուր ժառանգությունն է: Հիշողությունն այդ մասին միավորում է մեր ժողովուրդներին եւ անսասան հիմք ստեղծում ապագա սերունդների բարեկամության համար:

Ակնկալում եմ մեր մոտալուտ հանդիպումը, որը հնարավորություն կտա քննարկելու մեր երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունների օրակարգի հարցերը:

Ընդունեք, պարոն նախագահ, քաջառողջության եւ Ձեր գործունեության մեջ հաջողությունների իմ լավագույն մաղթանքները»: