Գլխավոր Քաղաքական ՌԴ ԱԳՆ-ն Մինսկի խմբի երկրներին կոչ է արել խուսափել լարվածության աճ առաջացնող...

ՌԴ ԱԳՆ-ն Մինսկի խմբի երկրներին կոչ է արել խուսափել լարվածության աճ առաջացնող հայտարարություններից

0
1265

ուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին կոչ է արել հայ-ադրբեջանական սահմանին ընթացող գործողությունների առնչությամբ ցուցաբերել պատասխանատու մոտեցում ու խուսափել լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հաղորդագրության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Ընդգծվել է, որ Ռուսաստանը կշարունակի իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Ռուսական կողմից կարևորվել է նաև, որ Մինսկի խմբի բոլոր անդամները պատասխանատու մոտեցում ցուցաբերեն ստեղծված իրավիճակի գնահատականներում և խուսափեն հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են լարվածության լրացուցիչ աճ առաջացնել»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ երևույթին, լարվածության լրացուցիչ աճ առաջացնող հայտարարություններ ու գործողություններ անելուց խուսափելու Ռուսաստանի կոչն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիային, որի ԱԳՆ-ն հուլիսի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որով ոչ միայն իր երկրի անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ փաստացիորեն արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, այլև տարածում է բացահայտ սուտ և ապակողմնորոշիչ տեղեկատվություն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարությանը.

«Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ: Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը: Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարևան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը և անկայունության տարածմանը: Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը և հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետևողականորեն հանդես գալ միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ»,- նշված է հայտարարության մեջ: