Ինչպես պետք է հասկանա այստեղից հնչող խաղաղասիրական կոչերը Մեհրիբան Ալիեւան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «Գրում եմ, քանզի վստահ եմ` հասցեատերը կկարդա:
Մեհրիբան Ալիևան պետք է հասկանա, որ ինչպես ինքն է ասում, հայրենիքի համար պայքարն իրոք սրբազան է:
Պարզապես մի խնդիր կա`
Տիկի՜ն դուք ձեզ համար հորինել եք հայրենիք, որ երբեք ձեզ չի պատկանել, դուք ուզում եք յուրացնել ուրիշի հայրենիքը, իսկ դա անհնար է:
Տիկի՛ն սա ռազմահայրենասիրական պաթոս չէ, սա իրողություն է, որի հետ դուք ու ձեր «ամուսինը» պարտավոր են հաշվի նստել:
Դուք երբե՛ք Արցախում մուղամ չեք լսելու` հրավերով թե առանց: Իսկ հիմա ուղեցույց հայ հանրության կողմից` այն դեպքի համար, եթե սխալ եք հասկացել այստեղից հնչող «խաղաղասիրական» կոչերը։
Տիկի՛ն մենք խաղաղություն չենք խնդրում, մենք այն ձեզ պարտադրել ենք.. ՄԻՇՏ: Մեր մայրերն ու քույրերը ցանկանում ու ձգտում են խաղաղության, բայց զենքից զարդեր չեն ձուլել: Մենք ունակ ենք իրական սրբազան պայքարով մեր հողը պահել: Հենց երեկ Գրիգորի Խաչատուրովը և մեր զինվորները դա ձեզ ցույց տվեցին:
Չխաբվեք եւ լուրջ չընդունեք կամուֆլյաժը, ծաղիկները ու պաթոսը. մենք զգոն ենք: Մենք ուժեղ ենք, ու ուժեղի դիրքերից ենք խոսում խաղաղության մասին: Ձեր հիստերիկ գոռգռոցից ոչ ոք չի վախենում: Երբեք չենք վախեցել, որևէ հարթակում, Գանիրային ու Սեվինջին հարցե՛ք կպատմեն: Դուք խաբում եք ադրբեջանցի ժողովրդին, բայց դա ձեր խնդիրն է, հայ ժողովրդին խաբել չեք կարողանա: Խաղաղությունը մեր վաղվա օրն է, որին հասնելու համար այսօր պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք պատրաստ ենք: Մեր զինվորները պատրաստ են:
Ասում են` չկա լավ պատերազմ կամ վատ խաղաղություն: Ես կասեի՝ կա հաղթանակած պատերազմ ու արժանապատիվ խաղություն: Մեր ժողովրդի ընտրությունը սա է:
Հ.Գ. Ապրիլյանը վարկաբեկող անհայրենիք չծառայած ստահակներին, որոնք հիմա փորձում են փիառվել իրենց իսկ ձեռքերով վարկաբեկած գեներալի որդու հաշվին ու հայրենասիրության ու միասնականության դասեր են տալիս ավելի ուշ կանդրադառնամ։