«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել էին Երևան և հանդիպումներ ունեցան Հայաստանի նոր ղեկավարության հետ: Համանախագահների այցին ընդառաջ Արցախի պաշտպանական բանակը տարածել էր հայտարարություն, որտեղ խոսվում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվ շարժերի և կուտակումների մասին: Համանախագահների հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ: Այցի առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է, որին, ի դեպ, մասնակցելու է նաև Ալիևը: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:
Միաժամանակ, հունիսի 13-ի առավոտյան Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրավերով Արցախ է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Որն է հրավերի բուն նպատակը՝ արցախյան հակամարտության իրողությունների շուրջ քննարկումնե՞րը, թե՞ Արցախի ներքին զարգացումների վերաբերյալ խորհրդատվությունները:
Իսկ գուցե, այսպես ասած, երկուսը մեկ այցում, երկուսը միասին և փոխկապակցված: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օրերս հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար:
Նախագահի հերթական ընտրությունը նախատեսված է 2020 թվականին, բայց Սահակյանի հայտարարությունից հետո շատերը առնվազն հարցնում են, թե արդյո՞ք կլինի արտահերթ ընտրություն: Առավել ևս, որ Արցախում վերջին օրերին տեղի է ունենում թավշյա իշխանափոխություն, և հրաժարական են տվել գործնականում բոլոր առաջին դեմքերը՝ բացառությամբ պաշտպանության նախարարի և հենց Բակո Սահակյանի: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Արցախում ձևավորվում է նոր իշխանություն, և աներկբա է, որ այդ գործընթացը Հայաստանում թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունն է:
Միաժամանակ ակնհայտ է, որ թե´ Հայաստանում, թե´ Արցախում նոր իշխանության հանգամանքը չի կարող չանդրադառնալ բանակցային գործընթաց կոչվածի վրա: Առնվազն առկա է հարց, թե արդյո՞ք նոր իշխանությունը ենթադրելու է Արցախի հարցում հին մոտեցումներից հրաժարում և նոր ռազմավարության անցում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշակի նոր երանգներ հաղորդել է իրավիճակին, սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտ է ձևակերպված բանաձև և ռազմավարություն, հստակեցում, թե ինչից է հրաժարվում հայկական կողմը և ինչ է առաջարկում դրա փոխարեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: