Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված չէ միայն մեծ քանակությամբ զենքի հայտնաբերման հետ, նրա ձերբակալությունը կապված է նրա հետ, որ Մանվել Գրիգորյանը կապված է ապրիլյան պատերազմի ժամանակ ուղարկված մեծ քանակով օգնության յուրացման հետ: Այս մասին այսօր` հունիսի 17-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը կապված է այն կասկածների հետ, որ նա մասնակցություն ունի և կոնկրետ ներգրավված է եղել ապրիլյան պատերազմի համար ուղարկված, հավաքված օգնությունները յուրացնելու և գողանալու հետ:
Մանվել Գրիգորյանը դպրոցականների կողմից ուղարկված սնունդը յուրացրել է և դրանով կերարել է իր կենդանիներին` արջերին և վագրերին: Եվ հիմնավոր կասկածներ կան, որ նա յուրացրել է Ղարաբաղի ժողովրդին ուղարկված օգնությունները, բանակին ուղարկված օգնությունները և այս կասկածները հիմնավորվում են նրա առանձնատանը կատարված խուզարկությունների արդյունքներում»,-հայտարարեց Փաշինյանը։
«Ոչ ոք չի ժխտում, որ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, բայց նույնիսկ հերոսներին ոչ ոք իրավունք չի տալիս գողանալ զինվորների համար նախատեսված դպրոցականների օգնությունը և դրանով կերակրել սեփական կենդանիներին»,- նշեց Փաշինյանը