2021 թվականին արտաքին քաղաքական և անգամ պետական առաջնահերթություններից մեկը Հայաստանի համար Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումն է, արցախյան գոտում իրավիճակն ու դրա շուրջ հետագա քննարկումները այդ հուն բերելը: Առավել ևս, երբ նկատվում է, թե ինչպես է քայլ առ քայլ այսպես ասած ամրացվում ռուս-թուրքական ձևաչափը, և գործընթացը մղվում է դրան: Շաբաթներ առաջ ռեգիոն ժամանեցին Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները, որոնց կորոնավիրուսի պատճառաբանությամբ չմիացավ ռուսաստանցի համանախագահը: Բաքվում Ալիևը թե՛ ընդունեց համանախագահներին, թե՛ բավականին բաց տեքստով ցույց տվեց, որ մտադիր է շատ թանկ գին ուզել համանախագահության ձևաչափ վերադարձի համար: Երևանում տեղի ունեցավ Արցախի նախագահի որոշման սկանդալը, երբ այստեղ սպասվող հանդիպումը Արայիկ Հարությունյանը չեղարկեց՝ պատճառաբանությամբ, թե ձևաչափը լիարժեք չէ: Դա այն դեպքում, երբ եկել էին այն երկրների համանախագահները, որոնք նոյեմբերի 9-ից հետո շոշափում են հայկական կողմի իրավունքներին առնչվող հարցեր: Թե ինչու չեկավ Արայիկ Հարությունյանը, թերևս, առավել քան խոսուն դարձավ օրերս Վիտալի Բալասանյանի հարցազրույցից, որտեղ Արցախի ԱԽ քարտուղարը գործնականում ազդարարեց Արցախի հանդեպ ռուսական «մանդատի» գերակայության հանդեպ Արցախի դե ֆակտո իշխանության լոյալությունը: Իսկ դա իր հերթին առաջացնում է առնվազն տարակույս՝ Երևանն ու Ստեփանակերտը այսուհետև տարբե՞ր կերպ են նայելու Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին:
Մինչդեռ, այդ ձևաչափը, ինչպես առիթ ենք ունեցել ասելու և գրելու մի քանի տարի շարունակ, լոկ հակամարտության կարգավորման ձևաչափ չէ, այն ռեգիոնալ կառավարման ձևաչափ է: Հետևաբար, առաջանում է հարց՝ ռեգիոնալ կառավարումը իրականացվելու է ռուս-թուրքակա՞ն, թե՞ Մինսկի խմբի եռանախագահության, այսինքն` ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան ձևաչափով: Այստեղ հարկ է նկատի առնել, որ այդ ամբողջ շարքում, մի կողմից, իհարկե, ակնառու է հայկական անվտանգության համակարգում Ռուսաստանի դերի շեշտակի բարձրացումը՝ պատերազմից հետո, մյուս կողմից այն է, որ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են այսօր խոսում Հայաստանի սուբյեկտության և նոյեմբերի 9-ի համաձայնագրի համատեքստում հայկական շահերի պաշտպանության մասին: